Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջանշայկարն Ավստրալիա այցի շրջանակներում լրատվամիջոցներին ասել է, որ Պեկինը և Նյու Դելին մտադիր են երկու երկրների սահմանի փաստացի վերահսկողության գոտում շեշտը դնել իրավիճակի ապաէսկալացման վրա: Այդ մասին հայտնում է inosmi.ru-ն՝ հղում անելով Կամբերայից ստացված հաղորդագրությանը:
Հնդկաստանի և Չինաստանի զորքերը վերսկսել են փաստացի վերահսկողության գոտու վիճելի հատվածների պարեկությունն Արևելյան Լանդակհում, որին նախորդել է զինվորականների տարանջատումը, որ այնտեղ են գտնվում 2020թ. մայիսից՝ հաճախ վտանգավոր մերձավորության վրա դիրքերում: «Հաջորդ փուլը պետք է լինի ապաէսկալացումը, որի արդյունքում զորքերը կվերադառնան իրենց մշտական տեղակայման վայրեր, որտեղ նրանք գտնվում էին սահմանային հակամարտությունից առաջ»,- ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը:
Նա մանրամասնել է, որ նման պայմանավորվածություն կողմերի միջև ձեռք է բերել Կազանում, որտեղ կայացել է Հնդկաստանի վարչապետի և Չինաստանի առաջնորդի հանդիպումը: Նրանք հանձնարարել են, որպեսզի բանակցությունները շարունակվեն արտաքին գործերի նախարարների և ազգային անվտանգության գծով խորհրդականների մակարդակով:
Հնդկաստանի արտգործնախարարը գնահատել է, որ աշխարհում ամենամեծ բնակչություն ունեցող երկրների միջև սահմանային հավասարակշռության ստեղծումը բարդ խնդիր է, որի լուծումը Հնդկաստանի և Չինաստանի հարաբերություններում կբերի դրական նոր քայլերի, ամփոփել է հնդիկ դիվանագետը:
Հնդկաստանի և Չինաստանի միջև չճշտված սահմանը պարբերաբար կողմերի միջև զինված բախումների պատճառ է դառնում, որ, բնականաբար, խոչընդոտում են կողմերի միջև վստահելի հարաբերությունների ձևավորմանը:
Չինաստանի և Հնդկաստանի միջև լարվածությունը, սակայն, միայն երկկողմ կամ տարածաշրջանային խնդիր չէ, այն ազդում է միջազգային հարաբերություններին, սրում Պեկինի և Նյու Դելիի մրցակցությունն աշխարհի ամենատարբեր ռեգիոններում:
Այս առումով ուշադրության է արժանի մի շատ էական հանգամանք. գրեթե բոլոր աղբյուրները պնդում են, որ Հնդկաստանի վարչապետ Մոդին է արգելափակել ԲՐԻԿՍ-ին Թուրքիայի անդամակցությունը, իսկ Չինաստանն առնվազն դեմ չի եղել:
Պեկինի և Նյու Դելիի միջև հարաբերությունների ապաէսկալացման մասին տեղեկատվության ֆոնին ընդգծվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի Բիշքեկ այցը, որտեղ կգումարվի Թուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողով:
Վերջին շրջանում միջազգային մամուլը գրում է Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում չին-հնդկական աշխարհաքաղաքական մրցակցության մասին: Ի՞նչ ընթացք կունենա չին-հնդկական ապաէսկալացման գործընթացը, կողմերին կհաջողվի հասնել նախնական համաձայնությունների գործնականացման, իրոք, չափազանց բարդ խնդիր է:
Բայց գործընթացի հրապարակայնացումն ինքնին քաղաքական նշանակություն, անկասկած, ունի, եթե նկատի ունենանք, որ ուժային կենտրոններն իրենց հաշվարկներում նկատի են ունենում նաև Չինաստանի կամ Հնդկաստանի հետ առանձին պայմանավորվածություններով աշխարհաքաղաքական հավասարակշռություն փոխել:
Սկզբունքային է նաև, որ, ինչպես Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի մեկնաբանությունից է հասկացվում, Կազանում կողմերի առաջնորդներն ունեցել են դեմ առ դեմ հանդիպում՝ առանց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդության: Չին-հնդկական ապաէսկալացումը կարող է դրական ազդեցություն ունենալ նաև հայ-ադրբեջանական կարգավորման վրա:







































