Ստամբուլում կայացել է Թուրքիայի և Իրանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանի և Աբբաս Արաղչիի հանդիպումը: Այդ բանակցությունների քաղաքական ֆոնը բարդ է նրանով, որ նախօրեին Միացյալ Նահանգների նախագահ Բայդենը հայտարարել է, որ տեղյակ է, թե Իսրայելը երբ կհարվածի Իրանին և մտադիր է՝ ինչ թիրախներ խոցել, բայց մանրամասնություններ չի բացահայտի:
Իրանի արտգործնախարարն այդ հայտարարությանը պատասխանել է սոցիալական X հարթակում՝ գրառմամբ: Ինչպես փոխանցում է Irna-ն, Արաղչին ասել է, որ նա, ով տեղյակ է Իսրայելի ռազմական նախապատրաստություններին և նրան օժանդակում է, պատասխանատվություն է կրում հնարավոր բոլոր հետևանքների համար:
«Իսրայելն ամբողջ աշխարհում խաղաղությանը սպառնացող ամենամեծ վտանգն է: Միացյալ Նահանգներն աջակցում է Նաթանյահուին: Մենք խաղաղություն ենք ուզում, բայց ձեռք ենք առել բոլոր նախազգուշական միջոցառումները» – թուրք գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը:
Մի փոքր ավելի բանախոս է գտնվել Հաքան Ֆիդանը: Նա հրապարակայնացրել է, որ հոկտեմբերի 18-ին հանդիպել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նաև բացահայտել է, որ Գազայում հրադադարի հաստատման բանակցությունների հարցով պաղեստինյան բոլոր խմբավորումները եկել են համաձայնության: Ֆիդանը դա համարել է շատ կարևոր ձեռքբերում:
Տպավորություն է, որ պաղեստիյան բոլոր խմբավորումների համաձայնությունը պայմանավորված է թուրք-իրանական ավելի լայն փոխըմբռնմամբ: Թուրքիայի արտգործնախարարն Իսրայելի վարչապետին մեղադրել է տարբեր ճակատներով հարձակում գործելու և այդ ձևով Իրանին լայնածավալ պատերազմի մեջ ներքաշելու մտադրության մեջ և կարճ ամփոփել. «Թուրքիան և Իրանը տարածաշրջանում մշտապես լինելու են»:
Խորքային ի՞նչ քննարկումներ են ունեցել Ֆիդանը և Արաղչին, կարելի է միայն ենթադրել, բայց մամուլի համար նրանց հայտարարությունների տոնայնությունից հասկացվում է, որ Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմից մյուսի շահերի հաշվին խուսափելու քաղաքականությունը, որ մեկ տարի շարունակ Անկարան և Թեհրանը փոխադարձում են, այլևս արդյունավետ չէ:
Իրանի պարագայում ամեն ինչ պարզ է, դժվար կռահելի է, թե ի՞նչն է Թուրքիային այնքան լրջորեն անհանգստացնում, որ Ֆիդանը խոսում է տարածաշրջանում մշտապես լինելուց: Հարկ է հիշել մոտ երկու շաբաթ առաջ Թուրքիայի նախագահի հնչեցրած անհանգստությունը, որ թույլ չի տա իրականացնել Սաքս-Պիկոյի ծրագիրը:
Այս համատեքստում շատ ենթատեքստային և զգաստացնող հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահ Պուտինը. «Իրանը մեր դաշնակիցն է, իսկ Իսրայելի հետ մեր հարաբերությունները վստահելի են»: Այս իրավիճակի դեմ կամ դրան ի հակակշիռ թուրք-իրանական դաշինք կստացվի՞:
Կարճաժամկետ հեռանկարում, գուցե, Անկարան և Թեհրանը դիվանագիտական համատեղ նախաձեռնության փորձ անեն, բայց ռազմավարական առումով Թուրքիան և Իրանը հազիվ թե ընդհանուր հայտարար գտնեն:









































