Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Փարիզում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժոովին ընդառաջ նախարարական հանդիպմանն ունեցած ելույթում վստահություն է հայտնել, որ ֆրանկոֆոն ընտանիքի աջակցությունը խաղաղության գործընթացին, դրան կհաղորդի դրական ազդակ: Հայաստանի արտգործնախարարի վստահությունը կամ ակնկալիքը, սակայն, ունեն, թերևս, մի փոքր արգելակ: Բանն այն է, որ Ադրբեջանը, որն այսպես ասած խաղաղության գործընթացի ֆորմալ կողմ է, դիրքավորվել է ֆրանկոֆոն ընտանիքի, մասնավորապես այդ ընտանիքի «քաղաքական հոր»՝ Ֆրանսիայի դեմ:
Օրինակ, Փարիզում ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին զուգահեռ, Բաքվում Ադրբեջանը կազմակերպել է Ֆրանսիայի, ինչպես Բաքուն է բնորոշում՝ այսպես ասած «նեոգաղութատիրական քաղաքականության դեմ միջազգային կոնֆերանս»: Կասկածից վեր է, որ կոնֆերանսի ժամանակագրական պլանավորումն արված է հենց Ֆրանկոֆոնիայի փարիզյան գագաթնաժողովի հաշվարկով: Ադրբեջանն ակնհայտորեն որդեգրել է Ֆրանսիան «խաղաղության խոչընդոտ» հռչակելու քաղաքականություն և հետևողականորեն առաջ է տանում այն: Իսկ Բաքվի այդ քաղաքականությունը, անշուշտ, ունի պահանջարկ, ընդ որում՝ թերևս ոչ մեկ երկրում:
Եթե համառոտագրենք, ապա այն սուբյեկտները, որոնք կարևոր են համարում «թյուրքական աշխարհի» կառուցումն ու «մոնոպիտացումը», Ֆրանսիան, անշուշտ, դիտարկում են «անցանկալի սուբյեկտ», որովհետև Ֆրանսիայի համար էլ այդ աշխարհի ձևավորումը, մեղմ ասած, անցանկալի աշխարհաքաղաքական նախագիծ է, որը ինչքան էլ միտված է լինելու Ռուսաստան-Չինաստան-Իրան եռյակի զսպմանը կամ հակակշռմանը, միևնույն է, իր ձևավորման առաջին փուլից հետո թերևս ռազմավարական մթնոլորտային ճնշում է ավելացնելու Եվրոպայի ուղղությամբ: Ավելին, ինչ-որ իմաստով դա արդեն տեղի է ունենում՝ ի դեմս Հունգարիայի, որը Թյուրքալեզու պետությունների կազմակերպությունում ունի դիտորդի կարգավիճակ և բավականին հետևողականորեն փորձում է նաև նոր կոնֆիգուրացիա կառուցել եվրոպական աշխարհամասում:
Այդ իմաստով, Երևանն ու Փարիզն ունեն, իհարկե, քաղաքական քննարկումների լրջագույն օրակարգ՝ հաշվի առնելով նաև այն նուրբ հանգամանքը, որ պաշտոնական Երևանն իրավիճակի կառավարելիության առանցքային գործոն ակնհայտորեն դիտարկում է Թուրքիայի հետ կառուցողական աշխատանքը, որն իր հերթին դրա պայման է դիտարկում Երևան-Բաքու գործընթացի կառուցողականությունը և ինչում որևէ շահագրգռություն չունենալու իր քաղաքականության «ալիբիներից» մեկը Բաքուն հռչակում է Ֆրանսիային: Ստացվում է իրապես բավականին փակ ու բարդ շրջան, և էական է, թե փարիզյան հանդիպմանն այդ առումով ինչ լուծումներ և ճեղքումներ են շոշափել Փաշինյանն ու Մակրոնը, ինչը, բնականաբար, չի հայտնվի հանրային տեղեկատվական օրակարգում:









































