Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է Անդրեյ Սիբիգայի թեկնածությունը երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնում։ Մինչ այդ նրա թեկնածությունը Գերագույն ռադա էր ներկայացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ ՌԲԿ պարբերականը հաղորդում է, որ Սիբիգայի նշանակման օգտին է քվեարկել 258 պատգամավոր՝ անհրաժեշտ 226-ի փոխարեն։Սիբիգան կփոխարինի Դմիտրի Կուլեբային, որն Ուկրաինայի արտգործնախարարությունը ղեկավարում էր 2020 թվականից։ Կուլեբան իր հրաժարականի մասին հայտնել էր սեպտեմբերի 4-ին։49-ամյա Անդրեյ Սիբիգան 2016-2021 թվականներին աշխատել է որպես Թուրքիայում Ուկրաինայի դեսպան։ Այնուհետև նա նշանակվել էր Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ, իսկ 2024 թվականին՝ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ։ Սեպտեմբերի 3-ին «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան հայտնել էր, որ նախարարների կաբինետում կադրային վերադասավորումներ են նախատեսվում։









































