Փորձագիտական շրջանակներում տարածված տեսակետը, որ «Վրացական երազանք» իշխող կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք-կաթողիկոս Եղիա Երկրորդին առաջարկել է Վրաստանի սահմանադրությամբ քրիստոնեությունը ճանաչել պետական կրոն, կարծես հաստատվում է:
Մամուլը փոխանցում է Վրաց ուղղափառ եկեղեցու հանրային կապերի պատասխանատու Անդրա Ջամղաձեի հայտարարությունը, որ իշխանությունից նման առաջարկ եղել է, քննարկումներ կայացել են կառավարության ներկայացուցչի և պատրիարք-կաթողիկոսի տեղապահ արքեպիսկոպոս Շիո Մուջիրիրիի միջև, և դրանք կշարունակվեն:
Վրաստանի սահմանադրությունը ճանաչում է Վրաց ուղղափառ եկեղեցու բացառիկ կարգավիճակը և երկրի նախագահին պարտավորեցնում պատրիարքարանի հետ կնքել պետություն-եկեղեցի հարաբերությունների այսպես կոչված «կոնկորդատ»: Այն հաստատված է դեռևս Շևարդնաձեի իշխանության շրջանից, որևէ փոփոխության չի ենթարկվել: Ամենաէականը, թերևս, այն է, որ Վրաց ուղղափառ եկեղեցին ոչ միայն սեփականատեր է, այլև պետական բյուջեից որոշակի ֆինանսավորում է ստանում:
Վրաստանի ներքին կյանքին իրազեկ աղբյուրներն ընդգծում են, որ եկեղեցին՝ առհասարակ, իսկ Եղիա Երկրորդ պատրիարքը՝ մասնավորապես, հանրային բավական բարձր հեղինակություն ունեն: Քրիստոնեությունը պետական կրոն ճանաչելու նախաձեռնությունն, ըստ այդմ, գնահատվում է որպես «Վրացական երազանքի» նախընտրական ռեսուրս:
Բայց ընդհանուր տպավորություն կա, որ այդ քայլը Վրաստանի խաղաղ վերամիավորման նախադրյալներից մեկն է: Բանն այն է, որ, ի հակակշիռ Ռուսաստանի իշխանությունների, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքարանը չի ճանաչում Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հոգևոր-քաղաքակրթական ինքնությունը: Եկեղեցական կարգով Աբխազիան և Ցխինվալիի շրջանը Վրաց ուղղափառ եկեղեցու կանոնիկ տարածք են:
Վրաստանի կառավարությունը և Վրաց ուղղափառ եկեղեցին ի՞նչ համաձայնության կհասնեն կամ՝ ոչ, երկրի սահմանադրությունը կփոխվի՞, թե եկեղեցի-պետություն հարաբերությունների իրավական հիմք կման դեռևս Շևարդնաձեի օրոք ընդունված «կոնկորդատ»՝ Վրաստանի ներքին գործն է, որի կարգավորումը կախված է Մոսկվայի հետ հնարավոր պայմանավորվածություններից:
Զգաստացնողն այն է, որ այդ թեմային նվիրված ռուսաստանյան մամուլի հրապարակումներից մեկում հիշեցվում է ուշ խորհրդային շրջանի ՌՈՒԵ պատրիարք Ալեքսի Երկրորդի «կատակը»: Մասնավոր խոսակցության ժամանակ, նա, իբր, իշխանության մի բարձրաստիճան ներկայացուցչի ասել է. «Դուք եկեղեցին նզովյալ անցյալի վերապրուկ էիք անվանում, բայց մենք ձեզ վերապրեցինք»:
Նույն տեղում Հայ առաքելական եկեղեցին անվանվում է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքարանի «սատելիտ»՝ Վրաց ուղղափառ եկեղեցու հետ: Կարելի էր ՀԱԵ-ին տված այդ բնորոշումը մտավարժանք համարել, եթե հեղինակը չավելացներ, որ Հայաստանում «իշխանությունը և եկեղեցին պատերազմի մեջ են, մի քանի տարի առաջ ոչ ոք չէր երևակայել, որ հայ հոգևորականը կառաջնորդի ընդդիմությանը, բայց այսօր դա փաստ է»:
Հայաստանում «սրբազան շարժումը» այս համատեքստում բոլորովին այլ հետագիծ է բացահայտում: Պոսխորհրդային տարածքի ուղղափառ-քրիստոնեական ինքնության վերաինտեգրման Մոսկվայի ծրագրավորումներում Հայ առաքելական եկեղեցուն ի՞նչ դերակատարություն է վերապահվում: Իսկ գուցե ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունը Մայր աթոռի հետ «կոնկորդա՞տ» համաձայնեցնի:









































