Այսօր ամփոփվեց սեպտեմբերի 19-ից մեկնարկած Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների համահայկական համաժողովը, որին ներկա էին 53 երկրների հայկական համայնքներից շուրջ 500 ներկայացուցիչ:
Երկու օրերի ընթացքում, ինչպես նշեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հնչել են 115 ելույթներ և զեկույցներ:Միաժամանակ համաժողովի մասնակիցները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով հռչակել են ազգային առաջնահերթությունները` հայոց պետության հզորացում և զարգացում, ԼՂ հարցի խաղաղ և միջազգային նորմերին համապատասխան վերջնական լուծումների մշակում, Ցեղասպանության հարցի հետևողական լուծում, հայապահպանություն և պայքար ուծացման դեմ սփյուռքում, հայ եկեղեցու դերի բարձրացում և դրա շուրջ համախմբում:
«115 հոգի բարձրացրին քաղաքական, կազմակերպչական, տնտեսական, մշակութային կարևորագույն հարցեր՝ առկա ինչպես սփյուռքում, այնպես էլ հայրենիքում: Առաջիկա ամիսներին կմշակվեն ծրագրեր, մեծ ուշադրություն պետք է դարձնել լեզվի, կրթության հարցերին, որ սփյուռքում հայոց լեզվի պահպանության հարցը դառնա կարևոր խնդիր, ուսուցիչների վերապատրաստում իրականացվի, արևմտահայերեն դասագրքերի պատրաստվեն»,-ասաց Հրանուշ Հակոբյանը` մասնավորապես նշելով, որ մամուլի, հեռուստատեսության լեզվից, ինչպես նաև հայկական հեռուսաընկերություններում ցուցադրվող սերիալներից սփյուռքում համընդհանուր դժգոհություն կա:
Համաժողովում քննարկվել են նաև տեղեկատվական դաշտի ստեղծման, ուսանողական ծրագրերի ավելացման հարցեր:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, անդրադառնալով համաժողովին, նշեց, թե տպավորություն կա, որ մարդիկ հավաքվում, ժամանակ են անցկացնում, բայց դա այդպես չէ.«Ես կարող եմ փաստել, որ վերջին տասը տարվա մեջ տարբերությունները շատ մեծ են, իսկ 3 տարվա մեջ արդեն այդ արդյունքները շոշափելի են, մենք հավատով ենք լցված, կարևոր է, որ սփյուռքի և Հայաստանի կապը լինի անմիջական, ամենակարևորը՝ մտածել ենք տնտեսական համահայկական ֆորումի ստեղծման մասին, ևտարին մեկ անգամ աշխարհի բոլոր հայ գործարարներին կհրավիրենք Հայաստան: Հավատացած եմ, որ մեր այսօրվա համաժողովը հաղթանակ է և մի քանի քայլ առաջ է»,-ավելացրեց Արա Աբրահամյանը:
Անդրադառնալով «Արի տուն» ծրագրին՝ Հրանուշ Հակոբյանը նշեց, որ լրատվական աշխարհում կա մի թյուրըմբռնում, թե այս ծրագիրը հայրենադարձություն է ենթադրում, բայց սա հայրենաճանաչողության ծրագիր է։ Հրանուշ Հակոբյանի խոսքերով՝ երիտասարդներ կգան, կզգան հայրենի հողի, ջրի ուժը և այլն: Բացի այդ, Հրանուշ Հակոբյանը նշեց, որ սփյուռքահայերի պահանջով մշակել են հայրենադարձության հայեցակարգ, և այսօր օրենքը գտնվում է խորհրադարանում: Նա նշեց, որ վերջին երեք տարում 600 ընտանիք եկել, հաստատվել է հայրենիքում:
Ի դեպ, Հրանուշ Հակոբյանը մի ծրագիր էլ ունի`բոլոր հայերին բերել Հայաստան և մարդահամար կազմակերպել:
Այս տարի, 2006-ի համաժողովի համեմատությամբ, անհամեմատ քիչ գումար է ծախսվել( 2006-ին` 72միլիոն, 2011-ին`12 միլիոն դրամ):










































