Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Ոստիկանության Նոր Նորքի շենքի մոտ վնասազերծել և բերման են ենթարկել նռնակով զինված տղամարդուն։
Լրագրողների հետ զրույցում ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հիշեցրեց, որ մարտի 24-ին, ժամը 17։00-ի սահմաններում երեք զինված անձ փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք, նրանցից երկուսը իրենց իսկ գործադրած նռնակի պայթյունի հետևանքով վիրավորվել էին և տեղափոխվել հիվանդանոց, իսկ մեկի հետ ոստիկանները բանակցում էին։ «Նրան րոպեներ առաջ վնասազերծեցին և տեղափոխեցին ներս»,- հայտարարեց Սարգսյանը։
«Ինչ-որ տեղ գրվել էր, որ տուժած ոստիկաններ կան։ Ուզում եմ հայտնել, որ տուժած ոստիկաններ չկան»,- ասաց նա՝ հավելելով, որ վնասազերծման հետևանքով որևէ տուժած չկա։
Թե ինչ պահանջներ է ներկայացրել զինված անձը, Նարեկ Սարգսյանը դժվարացավ հստակ պատասխան տալ։ Նրա խոսքով՝ հնչել են անհասկանալի պահանջներ։
Նարեկ Սարգսյանն ընդգծեց, որ վնասազերծված անձը եղել է ոչ ադեկվատ վիճակում։









































