Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կայացել է պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձին:
Ընդունելությանը ներկա են եղել ՌԴ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, ՌԴ-ում հավատարմագրված դեսպաններ, դեսպանությունների ռազմական կցորդներ, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ։
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանն իր խոսքում նշել է, որ ուժեղ և մարտունակ բանակը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անկախությունն ապահովող կարևորագույն գործոններից է՝ ընդգծելով տարածաշրջանում ստեղծված պայմաններում Զինված ուժերում բարեփոխումների շարունակականության կարևորությունը։
Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարն ընդգծել է Ռուսաստանի Դաշնության դերը Հայաստանի Զինված ուժերի կազմավորման գործում, ինչպես նաև անդրադարձել պաշտպանության ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը։







































