Ալիեւյան հատուկ ծառայությունների պրոյեկտ haqqin.az-ը, հիմք ընդունելով ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի տարեկան ամփոփիչ հայտարության ժամանակ արված հայտարարությունը, մի քանի օր «քուջուջ անելով» քառասունչորսօրյա պատերազմից «հետո անհետացած հայկական 17 հազար ավտոմատների» շուրջ, ինչ-որ տեղ ինչ-որ կայք է հայտնաբերել, որի անանուն հեղինակը կարծիք է հայտնել, որ «Հայաստանի հարեւան երկրներից միակը, որ կարող էր հետաքրքրված լինել դրանցով, Իրանն է»: Ըստ այդմ, Իրանը «կարող էր Հայաստանից ձեռք բերել այդ հրաձգային զենքը եւ առաքել Գազայի հատված, քանի որ գերադասում է ՀԱՄԱՍ-ին զինել ոչ թե սեփական, այլ՝ խորհրդային-ռուսական արտադրության ավտոմատներով»:
Որ այս պատմությունը Բաքվի «չեկիստական լեգենդն» է՝ կասկածել պետք չէ: Աշխարհի բոլոր առաջատար երկրների հետախուզական ծառայությունները գիտեն եւ տեղեկատվական արտահոսքերի միջոցով հրապարակայնացնում են, որ Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակումը նախապատրաստվել է տարիների ընթացքում: Զինված խմբավորումը, որ տրամադրության տակ ունի հրթիռներ, ԱԹՍ-եր, հակատանկային պայքարի միջոցներ, հրաձգային զենքի կարիք չէր կարող ունենալ եւ չունի:
Զուգահեռաբար նույն աղբյուրը գրում է, որ ԱՄՆ հրեական շրջանակները «խիստ դժգոհում են Ադրբեջանի նկատմամբ Սպիտակ տան քաղաքականությունից»: Գրեթե բացահայտ է, որ Ալիեւը սպասում է Թրամփի վերադարձին: Միացյալ Նահանգների հրեական շրջանակները միշտ էլ Ադրբեջանի թիկունքը պահել են, այստեղ որեւէ գաղտնիք չկա: Իրանի միջոցով ՀԱՄԱՍ-ին «հայկական կորած ավտոմատներով զինելու» քարոզչությունը հասցեագրված է եւ Իսրայելին, եւ ԱՄՆ հրեական շրջանակներին:
Բայց չափազանց պարզունակ կլիներ ասել, թե Իսրայելի հատուկ ծառայությունները Բաքվի օգնության կարիքն ունեն ինչ-որ, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ին սպառազինելու, հարցում: Գազայի հատվածը «Մոսադի» եւ իսրայելական բանակի հետախուզության կողմից մշտադիտարկման տակ է եղել ու կա: ՀԱՄԱՍ-ի հետ Հայաստանի կապի վարկածն ավելի շուտ թողնում է հետքեր մաքրելու տպավորություն: Իսրայելում, անկասկած, չէին կարող ուշադրությունից դուրս թողնել Իրան-Ադրբեջան վերջին շրջանի շփումները, ռազմական համագործակցության մասին հայտարարությունները, իրանցի բարձրաստիճան զինվորականների Ադրբեջան այցելությունները:
Մանավանդ որ իրանա-ադրբեջանական հարաբերությունների այդ նոր թրենդը ժամանակագրական առումով համընկնում է Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակմանը, Գազայի հատվածում պատերազմին, ինչի մասին Իլհամ Ալիեւը խոսել է Իսրայելի հասցեին ակնհայտ քամահրանքով, թե «պետք է օրինակ վերցնել՝ ինչպես են հակաահաբեկչական ռազմագործողություն իրականացնում՝ առանց վնասելու քաղաքացիական բնակչությանը եւ ենթակառուցվածքները»:
Ադրբեջանը Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ է, այդ կառույցն աշխատանքային խումբ է ձեւավորել, որ մշակել է «երկու պետություն սկզբունքով» իսրայելա-պաղեստինյան կարգավորման «ճանապարհային քարտեզ»: Իսրայելի վարչապետ Նեթանյահուն այդ ծրագիրը մերժել է: Ադրբեջանի ներգրավվածությունն ազդե՞լ է, ազդու՞մ է իսրայելա-ադրբեջանական հարաբերություններին: Ըստ երեւույթին՝ այո կամ առնվազն առկա է Ալիեւ-Նեթանյահու սառնություն:
Բաքուն ինչ-որ տեղաշարժ կանխազգու՞մ է՝ դժվար է ասել: Այնուամենայնիվ, հայակական ,,կորած ավտոմատները Գազայում տեսնելու,, քարոզչությունը չպետք է, երեւի, դիտարկել Ալիեւի պաթոլոգիական հայատյացության հերթական դրսեւորում: Նման նուրբ հարցերում ոչ ոք այդքան բաց-պրիմիտիվ խաղ չի սկսում: Բացառված չէ, որ իսրայելական հետախուզությունը դիտարկած լինի Ադրբեջան-Թուրքիա-ՀԱՄԱՍ համագործակցություն: Ալիեւի համար դա լրջագույն մարտահրավեր կլինի:







































