«Եվրանյուսին» հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերստին խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման «գլխավոր խոչընդոտի» մասին: Եթե հակիրճ ձեւակերպենք, ապա նրա մոտեցումն այն է, որ կամ պայմանագրում «էթնիկ փոքրամասնությունների անվտանգության եւ իրավունքների խնդիրն արտացոլվում է փոխադարձության սկզբունքով, կամ այդ մասին ոչինչ չի ասվում»: Ալիեւն իր մոտեցումը «հիմնավորում է «Հայաստանից» բռնատեղահանված 300 հազար ադրբեջանցիների վերադարձի իրավունքով»: Նախ, դա հավելագրված-կեղծված թիվ է: Խորհրդային մարդահամարի տվյալներով 1979թ. ՀԽՍՀ-ում բնակվել է 160 481 ադրբեջանցի: Բրիտանացի փորձագետ Թոմ դե Վաալի տվյալներով՝ 1988-90 թվականներին Հայաստանից հեռացել է 168 հազար ադրբեջանցի:
Պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ 1989թ. միայն Բաքվում բնակվել է 204 հազար հայ: Նույնիսկ ադրբեջանցի անկախ փորձագետներն են ընդունում, որ դա ստույգ թիվ չէ, իրականում խոսքը շուրջ 300 հազար հայ բնակչության բռնատեղահանության մասին է: Չկան վիճակագրական հավաստի տվյալներ Գանձակի, Սումգայիթի, Մինգեչաուրի, Շամախիի, Նուխիի, Վարդաշենի, այլ քաղաքների, ինչպես նաեւ Շահումյանի, Շամխորի, Դաշքեսանի, Խանլարի, Աղսուի, Իսմայիլլիի շրջանների հայ բնակչության թվաքանակի մասին: Մոտավոր գնահատականն այն է, որ հակամարտության սկզբից մինչեւ սեպտեմբերի 19-ի ահաբեկչական պատերազմը նախկին Ադր. ԽՍՀ-ից բռնատեղահանվել է ավելի քան կես միլիոն հայ: Եւ եթե սկզբունքը փոխադարձությունն է, ապա ո՞վ է երաշխավորում Բաքվի 300 հազար հայության վերադարձը, նրա անվտանգությունը եւ իրավունքները:
Բայց դա խնդրի մի կողմն է: ՀԽՍՀ-ում ադրբեջանցի բնակչությունը էթնիկ-քաղաքակրթական արեւալ չի ունեցել: Ադր.ԽՍՀ-ում հայ բնակչությունն ունեցել է պատմական անընդմեջ բնակության տարածք՝ Արաքսից մինչեւ Գանձակ, Բերձորից՝ Հավարիկ (Եվլախ), իսկ Բաքվում ունեցել առանձին շրջան, որի ղեկավար հայ էր նշանակվում: Եթե անդրադառնում ենք պատմությանը, ապա պետք է հիմնվել իրավական ուժ ունեցող փաստաթղթերի վրա, ոչ թե տրվել մտավարժանքների: Բազմաթիվ փաստաթղթեր կան, որ վկայում են մի իրողություն. խորհրդային Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է հայկական պետականություն, նրա ադրբեջանցի բնակչությունը՝ ազգային փոքրամասնություն: Արտառոց կարող է հնչել, բայց փաստ է, որ Ստեփանակերտի ռուսական դպրոցների ադրբեջանցի աշակերտներին հայոց լեզու են ուսուցանել:
Եւ եթե Վարդենիսի կամ Կապանի նախկին ադրբեջանաբնակ գյուղը Ալիեւի տրամաբանությամբ ունի վերադարձի իրավունք, ապա Շամխորի շրջանի հայկական Չարդախլուն պետք է ստանա ինքնորոշման իրավունք՝ հարակից գյուղերի հետ: Նույնը՝ Խանլարի, Դաշքեսանի հայկական բնակավայրերի դեպքում, իսկ Գանձակը պետք է վերստին բաժանվի հայկական եւ մուսուլմանական թաղամասերի եւ ունենա քաղաքային երկու իշխանություն: Անցյալի փոխադարձ ռեինկառնացիան դա է ենթադրում:
Ալիեւն, իհարկե, խոսում է այն տրամաբանությամբ, որ եթե Հայաստանը մերժում է ադրբեջանցիների «վերադարձի իրավունքը»՝ ապա ինքն էլ մերժում է Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի իրավունքը: Սա հին նարատիվ է, դեռեւս 1988-ին է Բաքուն ձեւակերպել, որ եթե ադրբեջանցիները Հայաստանում իքնավարություն չունեն, ապա ԼՂԻՄ-ը պետք է լուծարվի: Այնուհետեւ շրջանառվել է ,,եթե Հայաստանում ադրբեջանցի չի ապրում, Ադրբեջանում էլ հայ չպետք է ապրի,, թեզը: Սեպտեմբերի 19-ի ահաբեկչական պատերազմն Ալիեւը սանձազերծել է Արցախի հայ բնակչությունը բռնատեղահանելու նպատակով:
Նույն հարցազրույցում նա ասել է, որ «հայերը հեռանալու ոչ մի պատճառ չունեին» եւ կրկին Արցախի իշխանություններին մեղադրել «այդ կանխածրագրված քայլին գնալու» մեջ: «Երբ նրանք որոշեցին, որ հեռանում են, մենք չէինք կարող կանգնեցնել»-ամփոփել է Ալիեւը: Ի՞նչ են քննարկել Արցախի եւ Ալիեւի ներկայացուցիչները սեպտեմբերի 20- 21- 22-ին: Բաքվի կողմից խաղաղ բնակչության անվտանգությունը եւ իրավունքները երաշխավորելու գրավոր կամ բանավոր առաջարկություն արվե՞լ է՝ ոչինչ հայտնի չէ: Եւ խնդիրը հետաքրքրությունը չէ: Ալիեւը տեղեկատվա-քարոզչական միջավայր է ստեղծում, որ «Արցախից հայերն ինքնակամ են հեռացել»:
Բացառված չէ, որ այդ քարոզչակաղապրն ունի նաեւ արտաքին շահառուներ, այդ թվում եւ՝ Արեւմուտքում: Ժամանակն աշխատում է Բաքվի օգտին: Աշխարհում իրավիճակն այնպիսին է, որ Արցախի, նրա հայ բնակչության անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի, իրավունքների երաշխիքի հարցերը երկրորդական-երրորդական կդառնան, եթե ալիեւյան նախաձեռնությունը գրագետ, թիրախային եւ հիմնավորված հակազդեցություն չունենա: Այս առումով Հայաստանը գործի է դնում դիվանագիտական զգալի ռեսուրսներ: Ո՞րն է Արցախի իշխանությունների, քաղաքական շրջանակների աջակցությունը՝ տեսանելի չէ: Բայց այն կա՞ արդյոք:







































