Լուսանկարը՝ Armeniasputnik-ի
Նոյեմբերի 29-ին Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը ներկայացել է ԱԺ քննիչ հանձնաժողով եւ պատասխանել առաջադրված հարցերին: Լրատվամիջոցներից մեկը գրել է, որ Բաբայանը «ցուցմունք է տվել Սամվել Շահրամանյանի դեմ եւ փորձել է ՔՊ-ականներին համոզել, որ Շահրամանյանն Արցախի նախկին նախագահների եւ Դաշնակցության միջոցով Արցախում ծրագրված իշխանափոխություն է իրականացրել, որ այն հանձնեն, իսկ հետագայում նաեւ Հայաստանում իշխանափոխություն իրականացնեն»: Քննիչ հանձնաժողովում հարցուպատասխանից հետո Սամվել Բաբայանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Սամվել Շահրամանյանը «ամեն օր զանգում է Բաքու, ի՞նչ է բանակցում»:
Իր տեղեկություն աղբյուր Բաբայանը նշել է Արցախի ԱԺ պատգամավորներին՝ առանց անուններ հնչեցնելու: Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, իրեն թույլ չտալով ասել, որ Սամվել Բաբայանը ստում է, այնուամենայնիվ ամենայն պատասխանատվությամբ հերքել է. «Արցախի նախագահը նման բան չի ասել» – հայտարարել է նա եւ ավելացրել, որ «շատ նորմալ կլիներ, որ Արցախի նախագահն ինչ-որ գործընթացներ իրականացներ, որը թույլ կտար մարդկանց իրենց տները վերադառնալ»: Նույն խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Գալստանը, մինչդեռ, մեկ այլ լրատվամիջոցի բառացիորեն հետեւյալն է ասել. «Մեր գերիները պարբերաբար կապի մեջ են ոչ միայն իրենց ընտանիքների, այլ նաեւ Արցախի նախագահի հետ: Նրանք խոսում են իրենց առողջական վիճակի մասով, ասել են, որ խոշտանգման չեն ենթարկվում, իրենց վիճակը նորմալ է»:
Խոսքն, ըստ երեւույթին, Սամվել Շահրամանյանի եւ Բաքվում պատանդ պահվող՝ Արցախի նախկին նախագահների միջեւ պարբերական կապի մասին է: Առեւանգված եւ Բաքվում պահվող անձանց մասին վերջերս պաշտոնական հաղորդագրություն տարածել էր ԿԽՄԿ Բաքվի գրասենյակը, որտեղ ասված էր, որ նոյեմբեր ամսին իր ներկայացուցիչներն այցելել են նրանց, առանձին հանդիպումներ ունեցել եւ այդ ընթացքում ստեղծել հնարավորություն, որ նրանք կապ հաստատեն ընտանիքների հետ: Արցախի ԱԺ պատգամավորի ասելով՝ նրանք Սամվել Շահրամանյանի հետ կապվում են պարբերաբար:
Դա հնարավոր է միայն մի դեպքում. եթե Սամվել Շահրամանյանը բնակցում է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության տնօրեն Ալի Նաղիեւի կամ նրա առաջին տեղակալ Ջեյհուն Շադլինսկիի հետ, եւ նրանք այդ հնարավորությունը ստեղծում են: Իսկ հնարավո՞ր է դա առանց Իլհամ Ալիեւի թույլտվության: Իհարկե՝ ոչ: Ստացվում է, որ Արցախի նախագահի մերձավոր շրջապատի մարդկանցից մեկը մի տեղեկություն ունի, մյուսը՝ բոլորովին այլ: Մեկը կարեւորում է նախկին նախագահների ճակատագրով Սամվել Շահրամանյանի մտահոգվածությունը, մյուսը համարում, որ ցանկալի կլիներ, եթե նա ինչ-որ գործընթաց սկսեր, որ թույլ կտար բռնատեղահանված մարդկանց վերադառնալ իրենց տները:
Երրորդ լրատվամիջոցն էլ գրում է, որ Սամվել Շահրամանյանը տապալել է Արցախի ԱԺ նիստը, հրավիրել է Ազատ հայրենիք-ՔՄԴ դաշինքի պատգամավորներին եւ ասել, որ սպասեն, նրանք էլ նշանակված նիստը բոյկոտել են, քվորում չի ապահովվել: Արցախի իշխանության լիազորությունները մեկ ամիսից կդադարեն: Քաղաքական մեծամասնությունը, որ սեպտեմբերի 9-ին Սամվել Շահրամանյանին նախագահ է ընտրել, ոչինչ չի ձեռնարկում: Խորհրդարանական երկրորդ ուժի՝ Միասնական հայրենիք կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանին շարունակում են պառակտիչ գործունեություն վերագրել: Իսկ ժամանակն սպառվում է: Ո՞վ է ներկայացնելու բռնատեղահնված 120 հազար մարդու շահերը:








































