Ինստիտուցիոնալ ընդդիմությունը համարում է, որ 2018-ի ,,թավշյա հեղափոխությունը,, արտաքին քաղաքական վեկտոր է փոխել, մեզ զրկել ռազմավարական դաշնակից Ռուսաստանի աջակցությունից, ինչի հետեւանքով էլ կորցրել ենք Արցախը եւ հայտնվել «անդունդի եզրին»: Ինստիտուցիոնալ ընդդիմությունը Հայաստանում երկու տասնամյակ իշխանություն էր: Եւ եթե հայ-ռուսական հարաբերություններն այդ տարիներին իրոք ռազմավարական լինեին, ապա Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծում ստանար:
Ռուսաստանի նախագահ Պուտինն ասում է, որ տասնհինգ տարի Հայաստանի իշխանություններին փորձել է համոզել գնալ լուծումների, բայց «նրանք ընտրեցին իրենց ճանապարհը»: Պուտինը ՌԴ նախագահ է փաստացի 1999 թվականից: Դա հոկտեմբերի 27-ի տարին է, որից երկու ամիս անց Ելցինը հայտարարեց հրաժարականի մասին: 1998-ի փետրվարի 3-ին հրաժարական էր տվել Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Նույն տարվա մայիսին, ինչպես նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն է վկայում, Մոսկվան հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսման նախաձեռնություն է ցուցաբերել: Արդյունքում ծնվել է ԼՂ կարգավորման «Ընդհանուր պետություն» առաջարկությունը, որ Երեւանը եւ Ստեփանակերտը ընդունել են որպես բանակցությունների հիմք, Բաքուն՝ մերժել: Մենք առայսօր չգիտենք՝ կարգավորման «փուլային» տարբերակի հեղինակն ո՞վ է, ու՞մ հովանու ներքո էին բանակցում Ժիրայր Լիպարիտյանը եւ Վաֆա Գուլուզադեն:
Բայց ակնառու իրողություն է, որ ղարաբաղա-ադրբեջանական ճակատում հրադադարի հաստատումից հազիվ կես տարի անց ստորագրվել է Կասպյան ավազանից նավթի եւ գազի տարանցման միջազգային կոնսորցիում ստեղծելու համաձայնագիր, որի «կնքահայրը» BP-ն է, շահառուները՝ հիմնականում արեւմտյան նավթային ընկերությունները: Ռուսաստանի ներգրավվածությունը չափազանց խորհրդանշական էր, ընդ որում՝ «Լուկօյլ» -ի մասնակցությամբ, որի կառավարման խորհրդի նախագահն էթնիկ ադրբեջանցի Վագիթ Ալեքպերովն է:
Եթե դատենք առարկայորեն, ապա դա հակառուսական էներգետիկ-կոմունիկացիոն-լոգիստիկ նախագիծ է, ինչին Մոսկվան կարող էր հակազդել միայն մի դեպքում. եթե արտահանման խողովակաշարերն անցնեին իր կամ իր վերահսկողության, կամ հովանու ներքո տարածքով: Կասպից ավազանից Ռուսաստանի տարածքով խողովակաշարերի անցկացման եւ համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման տարբերակն ի սկզբանե բացառված էր: Մնում էր Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա էներգետիկ «միջանցքը»: Այդ դեպքում Ռուսաստանը, որպես Հայաստանում ռազմական ներկայություն ունեցող երկիր, խողավակաշարի անվտանգության պատասխանատվություն կունենար: Իսկ եթե ԼՂ հակամարտության զինված փուլն ավարտվեր, դրան կգումարվեր նաեւ ռուսական խաղաղապահ ուժերի գործոնը:
Անշուշտ, հակամարտության զինված փուլին վերջ տալու համաձայնագրի ստորագրումը, խաղաղապահ ուժերի տեղաբաշխումը, ԼՂ դե-ֆակտո ինքնակառավաարման որոշակի լեգիտիմացումը, Հայաստանի տարածքով նավթամուղի կառուցումը, կոմունիկացիաների բացումը, հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը եւ այդ ամենից ածանցված՝ տարածաշրջանային կայունությունն ու Հայաստանի հեռանկարը միայն տեսական պատկերներ են: Խնդիրն այն է, թե ինչու՞ 1998-ից հետո ԼՂ կարգավորման բանակցային գործընթացի միջնորդությունը մեկ տասնամյակ անցել էր արեւմտյան համանախագահներին՝ ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային:
Ռուսաստանը ԼՂ կարգավորման բանակցություններին շոշափելիորեն ներգրավվեց ռուս-վրացական պատերազմից հետո՝ 2008թ. նոյեմբերի 2-ին, երբ ստորագրվեց Մայենդորֆի Հռչակագիրը: Ընդ որում, ռուս-վրացական պատերազմից կարճ ժամանակ առաջ ՌԴ նախագահ Մեդվեդեւը այցելել էր Բաքու, իսկ Վլադիմիր Պուտինը 2001թվականն սկսել էր Հեյդար Ալիեւի հետ բանակցություններից: Դրանց արդյունքը ռուս-ադրբեջանական Բաքվի հռչակագիրն էր, ըստ որի՝ Ռուսաստանը եւ Ադրբեջանը Կովկասյան տարածաշրջանի գործընկերներ են:







































