Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Փարիզում քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Զուգահեռ, Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի է ունեցել Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե Հայաստանը չի կատարում իր «պարտավորությունն» ու չի ապահովում Նախիջեւան-Ադրբեջան կապը, ու այդ պատճառով այդ կապը կիրականացվի Իրանի տարածքով: Ուզբեկստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Տնտեսական գործակցության կազմակերպության Վեհաժողով, որին մասնակցել է նաեւ Թուրքիայի նախագահը եւ նա էլ հերթական անգամ հայտարարել էր, որ խաղաղությանը մոտենալու համար Հայաստանը պետք է կատարի «պարտավորությունները»: Էրդողանն էլ հանդիպել է Ռայիսիի հետ եւ քննարկել Գազայում իրավիճակը, թեեւ կասկած չկա, որ քննարկումը ներառել է նաեւ Կովկասը:
Ադրբեջանն ու Թուրքիան հազիվ թե ուրախ լինեն Իրանի տաևածքով հաղորդակցվելու փաստից, քանի որ դա նրանց մոտ առաջացնում է կախվածություն Իրանից: Մյուս կողմից սակայն, հարց է առաջանում, թե նրանք ի՞նչ են ուզում Հայաստանից: Հայաստանը հայտարարում է, որ պատրաստ է ճանապարհների ապաշրջափակմանը՝ փոխադարձ ինքնիշխանության սկզբունքով: Արդյո՞ք Բաքուն ու Անկարան չեն ընդունում այդ սկզբունքը: Ինչու՞ բացահայտորեն չեն խոսում այդ մասին: Թե՞ Բաքուն ու Անկարան չեն ընդունում Ռուսաստանի «բացակայության» որեւէ տարբերակ: Բայց չէ՞ որ այդ դեպքում էլ նրանց հաղորդակցությունը կախված է լինելու Ռուսաստանից: Նրանք համարում են, որ Ռուսաստանից կախվածությունն առավել նախընտրելի է, որովհետեւ Մոսկվան էլ շատ հարցերում իրենցի՞ց է կախված, ի տարբերություն Իրանի:
Թե՞ այդուհանդերձ Բաքուն ու Անկարան ներկայումս ընդհանրապես չեն դնում հաղորդուղիների ապաշրջափակման խնդիր եւ ձգտում են առավելագույնս խաղարկել այդ հարցը ոչ միայն Ռուսաստանի եւ Իրանի ուղղությամբ, այլ նաեւ Արեւմուտքի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արեւմուտքի համար էլ ռազմավարական խնդիր է թուլացնել Ռուսաստանի եւ Իրանի կապն ու երկու երկրների ռեգիոնալ ազդեցությունը: Առավել հավանականը հենց վերջին տարբերակն է, այսինքն՝ Բաքուն եւ Անկարան չունեն այդ հարցում կորցնելու ոչինչ, փոխադարձ ինքնիշխանության վրա հիմնված սկզբունքը այն է, ինչ նրանք կարող են ստանալ այսպես, թե այնպես, հետեւաբար նրանք ձգտում են առավելագույն խաղարկումով հասնել որքան հնարավոր է ցանկալի եւ բարենպաստ, շահեկան ռեժիմի, որտեղ իրենց անմիջական ազդեցությունը եւ «անկախությունը» կլինի հնարավորինս բարձր:
Այդ տեսանկյունից, Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվում թերեւս արդեն ավելի քան քառորդ դար, եթե ընդհանրապես այլ է եղել 1994 թվականի հրադադարից ի վեր: Հայաստանի համար թերեւս անհրաժեշտ է որեւէ լուծում, որն իհարկե չի ոտնահհարի Հայաստանի ինքնիշխանությունը, բայց նաեւ չի ստեղծի աշխարհաքաղաքական հակադրություն եւ չի սրի ռազմավարական շահերի բախումը: «Խաչմերուկի» գաղափարն ունի թերեւս հենց այդ նպատակը՝ հակազդել փակուղի ստեղծելու թուրք-ադրբեջանական նպատակին: Սակայն դա ինքնին շրջանառության մեջ դնելը եւ տարբեր հյուրերի ներկայացնելը դեռեւս չի կարող լինել բավարար եւ պահանջելու է չափազանց բարդ եւ միաժամանակ հմուտ դիվանագիտական աշխատանք դրսում, եւ առարկայական աշխատանք ներսում՝ Սյունիքում իրականացվող մասշտաբային ծրագրերի տեսքով:







































