Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին նոր մեղադրանքներ են առաջադրվել 2007 թ․ նախընտրական արշավի ֆինանսավորման գործի շրջանակներում։ Այս մասին հաղորդում է BFMTV-ի հրապարակումը։
Նրան մեղադրում են «վկաների վրա ազդեցություն գործելու», ինչպես նաև «խարդախության նպատակով հանցավոր համաձայնություն կազմելու համար»։
Ըստ հրապարակման՝ Սարկոզին հարցաքննվում է հոկտեմբերի 3-ից՝ 2021 թ․ մայիսին ներկայացված գործի շրջանակներում։ Հարցաքննությունից հետո դատավորները վճռել են, որ կան բավարար ապացույցներ մեղադրանք ներկայացնելու համար։
Գործը հարուցվել էր այն բանից հետո, երբ ֆրանս-լիբանանցի գործարար Զիյադ Թաքիեդինը հետ էր կանգնել իր նախկին ցուցմունքից՝ պնդելով, որ Սարկոզիին երբեք չի հանձնել 5 միլիոն եվրո պարունակող ճամպրուկներ, և որ նման ցուցմունք էր տվել դատավորի ճնշման տակ։ Ըստ մեղադրանքի՝ Սարկոզիին այդ գումարը երեք ճամպրուկներով հանձնվել է 2006 և 2007 թթ․-ին Լիբիայի ղեկավար Մուամար Քադդաֆիից՝ նախընտրական արշավի ֆինանսավորման համար։ Այդ գործարքի միջնորդ է հանդիսացել Զիյադ Թաքիեդինը, որը հետագայում, փաստորեն, փոխել է ցուցմունքը։







































