«Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը այսօր հայտարարեց, որ կողմ է Հայաստանում իշխանափոխությանը՝ ընդգծելով՝ «իշխանափոխությունը պետք է լինի ընտրությունների միջոցով»:
Հայկ Մարությանն անդրադառնալով Երևանի քաղաքապետի ընտրությանը նշեց, որ «Հանրապետություն» կուսակցությունից դեռ չի ստացել որևէ արձագանք իր առաջարկի վերաբերյալ, ասելով. – «Հանրապետություն» կուսակցությունը չի արձագանքել, որը թույլ է տալիս ենթադրել, որ իրենք միանալու են «Քաղաքացիական պայմանագրին» և փորձելու են կազմել քաղաքային իշխանություն: Սա նշանակում է, եթե իրենք այդպես անեն, ապա այն մարդիկ, որոնք ընտրել են «Հանրապետությանը», փաստացի ընտրել են «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուին: Եթե «Հանրապետությունը» միանա «Քաղաքացիական պայմանագրին», իրենք կունենան 32 մանդատ, իսկ քաղաքային իշխանություն կազմելու համար պետք է 33 մանդատ: Իսկ 33 մանդատ ունի իրական ընդդիմությունը»:
Արձագանքելով «Մայր Հայաստան» դաշինքի և «Հանրային ձայն» կուսակցության արած հայտարարություններին, Մարությանը հիշեցրեց, որ «Մայր Հայաստան» դաշինքը հրապարակավ հայտարարել է, որ ուզում են իրենց քաղաքական ուժից լսել, որ իրենք կողմ են ամբողջական իշխանափոխության: «Մենք բազմիցս դա հայտարարել ենք, որ մեր թիմը, մեր քաղաքական ուժը կարծում է, որ՝ այո, Հայաստանում պետք է լինի ընդհանուր իշխանափոխություն», – նշեց Մարությանը:







































