Այսպես կոչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինը «ընտրվել է» շրջանի ղեկավար։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՌԴ կողմից օկուպացված շրջանի Ժողովրդական խորհրդի (Խորհրդարանի) լիագումար նիստում։ Համապատասխան բանաձևն ընթերցել է խորհրդարանի նախագահ Արտեմ Ժոգան, հաղորդում է ТАСС-ը։
Իր հերթին՝ Դենիս Պուշիլինը շնորհակալություն է հայտնել ցուցաբերած վստահության համար և ընդգծել, որ աշխատանքներն ուղղված են լինելու հանրապետությունում կենսամակարդակի բարձրացմանը։
«Ես իմ խոսք եմ տալիս արդարացնել ձեր վստահությունը և անել ամեն ինչ, որպեսզի խաղաղությունն ու բարեկեցությունը հնարավորինս շուտ վերադառնան մեր տները: Հավատում եմ, որ մեր աշխատանքով, Ռուսաստանի Դաշնության եղբայրական շրջանների աջակցությամբ, մենք մեր տարածաշրջանը կդարձնենք ավելի լավ ու հզոր»,- ասել է մարզի ղեկավարը։







































