Այսօր առավոտյան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնատարների միաժամանակյա անցում է կազմակերպվել Ակնա-Ստեփանակերտ և Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհներով։ Այս մասին Х-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Այսօր ժամը 07:00-ի սահմաններում ապահովվել է ԿԽՄԿ բեռնատարների միաժամանակյա անցումը Ադրբեջանի Աղդամ-Խանքենդի (Ակնա – Ստեփանակերտ- Խմբ,) և Լաչին-Խանքենդի (Բերձոր – Ստեփանակերտ- Խմբ․) ճանապարհներով։
Աղդամ-Ասկարան-Խանքենդի (Ակնա – Ասկերան – Ստեփանակերտ -խմբ․) ճանապարհը բաց է և գործում, և այդպես էլ պետք է մնա», – գրել է Հաջիևը։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Աղդամի ճանապարհով Արցախ են ուղևորվել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության մեկ բեռնատար և երկու մարդատար ավտոմեքենաներ։ Ադրբեջանում ԿԽՄԿ Ներկայացուցչի խոսքով՝ բեռները ներառում են ալյուր և դեղորայք։
Հիշեցնենք՝ Արցախի իշխանությունները հայտարարել են, որ ընդունում են Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով բեռների համաժամանակյա տեղափոխումը։
Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսնակն իր հերթին հայտարարել էր, թե Բաքուն պատրաստ է ապահովել Աղդամի և Լաչինի ճանապարհների զուգահեռ օգտագործումը։










































