Մեկ տարի առաջ Ջերմուկում պատերազմ էր: Հայաստանի խորհրդարանը սեպտեմբերի 13-ի իր աշխատանքը սկսել է այդ երկօրյա պատերազմի ավելի քան 200 զոհերի հիշատակը հարգելով: Ադրբեջանը հարձակվելով Ջերմուկի ուղղությամբ, առաջ եկավ մի քանի կիլոմետր: Հայկական զինուժը փորձեց դիմադրել և կանգնեցնել հակառակորդին, տալով ավելի քան 200 զոհ: Ադրբեջանը հայտնեց իր 70 զոհի մասին: Պաշտոնական Երևանը հայտարարեց, որ Ջերմուկի երկօրյա պատերազմը կանգ առավ ԱՄՆ միջնորդությամբ: Իհարկե Հայաստանի ԱԳՆ փոխնախարարներից մեկն ավելի ուշ իր հարցազրույցներից մեկում խոսեց այն մասին, որ Իրանն է քայլեր կատարել բախումը դադարեցնելու ուղղությամբ:
Փաստ է այն, որ երկօրյա պատերազմը փոխեց այդ հատվածում ստատուս-քվոն, Ադրբեջանը եկավ առաջ, դիրքավորվեց Ջերմուկին մերձակա բարձրունքներում, միաժամանակ սակայն փոխելով նաև ստատուս-քվոն ավելի լայն իմաստով, իհարկե արդեն ոչ թե աշխարհագրորեն, այլ քաղաքական առումով: Եվ կարևոր հարց է, թե քաղաքական ի՞նչ գնով է կանգնեցվել երկօրյա պատերազմը, որովհետև որևէ մասշտաբային բախում չի կանգնեցվում հենց այնպես: Ջերմուկի հարձակումից երեք շաբաթ անց Պրահայում Հայաստանի վարչապետը քառակողմ հանդիպման շրջանակում համաձայնություն ձեռք բերեց Ալիևի հետ՝ այսպես ասած Ալմա Աթիի հռչակագրի վերաբերյալ, միմյանց տարածքային ամբողջությունը և ինքնիշխանությունը ճանաչելու մասին: Դա ըստ էության շրջադարձային հանգրվան է, քանի որ գործնականում նշանակեց, որ Հայաստանն իրեն զգալիորեն տարանջատել է Արցախի հարցից:
Երևանն այդպես գուցե ձգտում էր լուծել երկու հարց: Տարածություն վերցնելով Արցախի հարցից, որոշակի տարածությամբ հեռացնել Ադրբեջանի նկրտումները Հայաստանից: Միաժամանակ, գուցե բարձրացնել Արցախի անվտանգության և պաշտպանության հարցում Ռուսաստանի պատասխանատվությունը, քանի որ Հայաստանը չուներ իր պատասխանատվությունը արդյունավետ սպասարկելու հնարավորություն և նոյեմբերի 9-ից հետո դե ֆակտո ամեն ինչ կախված էր Ռուսաստանից: Բայց, Պրահայի համաձայնությունը Ռուսաստանն օգտագործում է Հայաստանին նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի և դրա սահմանած քաղաքական ստատուս-քվոյի փոփոխության համար մեղադրելու, այսինքն՝ պատասխանատվությունը Հայաստանին բումերանգի նման վերադարձնելու համար: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը օգտագործում է այդ հանգամանքը Արցախի հարցում, սակայն դրան զուգահեռ ամենևին չի թուլացրել և հեռացրել Հայաստանի հանդեպ իր նկրտումները, այլ հակառակը: Ավելին, պաշտոնական Երևանն այսօր հայտարարում է ադրբեջանական կուտակումների մասին՝ Հայաստանի սահմանին, և էսկալացիայի մեծ վտանգի, պատրաստ լինելով Բաքվի հետ «հրատապ քննարկումների»: Սա առնվազն առաջացնում է հարց՝ Պրահան Հայաստանի համար դարձավ «ծուղա՞կ», որ փորվեց սեպտեմբերի 13-ի երկօրյա պատերազմով:







































