Ռուսաստանը նշանակել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար՝ գեներալ Կիրիլ Կուլակով, որը մինչ այդ եղել է Կազանի բարձրագույն հրամանատարական դպրոցի հրամանատարը: Կուլակովը փոխարինել է Լենցովին: Կուլակովը հերթականն է՝ առաջին հրամանատար Մուրադովից հետո: Կփոխի՞ նա որևէ բան ռուս խաղաղապահների վարքագծում և նրանց գործունեության արդյունավետության հարցում: Ասել, թե որևէ նշանակություն չունի հրամանատարի ով լինելը, իհարկե կլինի սխալ: Հրամանատարի անձը, նկարագիրը, կամային հատկանիշները, նաև անցած ուղին, պատվախնդրությունը, հրամանատարական, զինվորական և կառավարչական կարողությունները, հմտությունները անկասկած ունեն նրա ենթակայության տակ գտնվող որևէ զորամիավորման գործունեության որակ և արդյունավետություն նախանշող նշանակություն:
Բայց, այդ ամենով հանդերձ, կա «աքսիոմ», որ խաղաղապահները քաղաքական գործիք են, հետևաբար դրանց կառավարումը չի կարող լինել ընդհանուր քաղաքական տրամաբանությունից դուրս, որ պարունակում է այն սուբյեկտը, որի քաղաքական մանդատի շրջանակում է խաղաղապահ զորամիավորումը: Այլ կերպ ասած, այդ զորամիավորումը չի կարող լինել Ռուսաստանի քաղաքականությունից դուրս, իսկ Ռուսաստանի քաղաքականությունը Կովկասում ներկայումս պայմանավորված է ուկրաինական պատերազմում իրադրությամբ, ասել կուզի՝ «օժտված» է տակտիկական մեծ անորոշությամբ: Իսկ այդ անորոշությունը խաղաղապահ կոնտինգենտի գործունեության բուն, գլխավոր հրամանատարն է:
Հետևաբար, առանցքային հարցը ոչ թե խաղաղապահների հրամանատարի փոփոխությունն է՝ կրկնեմ, որ դա իհարկե անկարևոր հարց չէ, այլ Ռուսաստանի քաղաքականության փոփոխությունը: Իսկ դա չկա, կլինի, թե ոչ, և ինչպիսին կլինի, այդ հարցերի հիմնական պատասխանները ձևավորվում են Ուկրաինայում: Սակայն, սա անշուշտ առավել կարևոր է դարձնում նվազագույնը երկու հանգամանք: Արցախը պետք է առավել բարձրացնի սեփական կարողունակությունները, իհարկե առկա իրավիճակի գերծանրության, ռեսուրսների սղության և բարդ միջավայրի պայմաններում, և իհարկե նաև ձգտի առավելագույն արդյունավետություն ձևավորել խաղաղապահների հրամկազմի հետ հարաբերության հաստատման իմաստով, առնվազն՝ Ռուսաստանի քաղաքականության անորոշությունից բխող «տեղային» արատավոր «էֆեկտների» ռիսկերը հնարավորինս չեզոքացնելու կամ կառավարելի պահելու համար: Մեծ հաշվով, խաղաղապահ մանդատից այսօր առավելագույն ակնկալիքը թերևս կարող է լինել այն, որ դրա շնորհիվ ապահովվի գոնե Արցախի շուրջ ռազմական իրադրության ընդհանուր կայունությունը: Այլ ապավինումներն ու ակնկալիքները թերևս չեն կարող ունենալ քաղաքական և վարչական ռացիոնալության շոշափելի աստիճան:









































