Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լեռնակերտ բնակավայրում այժմ ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են ոռոգման ջրատարի կառուցման աշխատանքներ։
Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Լեռնակերտի ոռոգման ջրատարի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 46 միլիոն 270 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսից եւ օգոստոսի 23-ի դրությամբ արդեն իրականացվել են շուրջ 50 տոկոսով։ Ծրագրով նախատեսվում է կառուցել 1403 մետր երկարության ոռոգման ջրատար, ինչի արդյունքում Լեռնակերտում ոռոգելի հողատեսքերը կավելանան 25 հեկտարով։ Ծրագրի շահառուներ են համարվում 80 տնտեսություն։
Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել այս տարվա ընթացքում։








































