Հայաստանում է Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինին, որը սկսել է երկօրյա այցը մեր երկիր: Կարդինալ Պարոլինիի այցը ռեգիոնալ է, Հայաստանից առաջ նա եղել է Բաքվում: Թե այնտեղ, թե Հայաստանում նա շռայլել է Վատիկանի երկկողմ ջերմ հարաբերության խոսքեր, բնականաբար անդրադարձել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությանը, կարևոր համարել բանակցությունը, ասելով, որ միայն դրա միջոցով է հնարավոր խաղաղություն: Վատիկանի պետքարտուղարի ռեգիոնալ այցը ուշադրության է արժանի բնականաբար ինքնին՝ պայմանավորված Սուրբ Աթոռի ոչ միայն համաշխարհային կրոնական ահռելի ազդեցությամբ, այլ նաև քաղաքական և նույնիսկ որոշ իմաաստով նաև տնտեսական, ընդ որում այդ ամենի նաև պատմա-մշակութային բավականին ազդեցիկ հիմքով ու հետագծով: Այդ համատեքստում, Հայաստան-Վատիկան հարաբերության խորացմանն ուղղված աշխատանքի կարևորությունն ու հրատապությունը արձանագրել եմ բազմիցս, այդ թվում նաև 44-օրյա պատերազմից հետո, երբ Բաքուն կայացրեց որոշում դեսպանություն հիմնել Վատիկանում, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը հետպատերազմյան շրջանում առանցքային ուղղություն էր դիտում Վատիկանի հետ իր հարաբերության խորացումը, որն առանց այդ էլ սերտ էր, այդ թվում ֆինանսատնտեսական առումով:
Ադրբեջանի կառավարող ընտանիքը ֆինանսավորել է կաթոլիկ եկեղեցու հուշարձանների նորոգման աշխատանքներ, բնականաբար այդ ամենը դիտարկելով կապերի խորացման համատեքստում, օգտվելով իր ֆինանսական հնարավորությունների առատությունից: Երևանն այստեղ անշուշտ պետք է կարողանա մրցունակ լինել արդեն պատմամշակութային հետագծի դաշտում, ինչը պահանջում է չափազանց լուրջ պատրաաստվածություն և քաղաքականության ռազմավարական խորություն:
Այդ ամենով հանդերձ, կարդինալ Պարոլինիի ռեգիոնալ այցը ուշադրության է արժանի այն աշխուժության ֆոնին, որ եվրոպական, և առավել ևս ուկրաինական ուղղությամբ գործադրում է Թուրքիան: Բանն այն է, որ ուկրաինական ուղղությամբ դիվանագիտական միջնորդության ջանքի էական հայտատու է նաև Վատիկանը: Շաբաթներ առաջ Պապի հատուկ բանագնացը այցելել էր Կիև, սպասվում է նրա այցը Մոսկվա:
Գաղտնիք չէ, որ Թուրքիայի եվրոպական աշխուժության հանդեպ ամենից զգայուն սուբյեկտներից մեկը հենց Սուրբ Աթոռն է: Առավել ևս այդ խնդիրը խրթին է դարձնում մրցակցությունը ուկրաինական ճակատում՝ դիվանագիտական միջնորդության առաջնորդության համար: Ահա այդ ֆոնին ուշագրավ է, որ Վատիկանի բարձրաստիճան դիվանագետը, կարդինալ Պարոլինին այցելում է Կովկաս՝ Թուրքիայի համար զգայուն գոտի, և էական հարց՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտ, այդ դաշտում փաստորեն դրսևորելով Վատիկանի աշխուժության հայտ, ինչը անշուշտ մրցակցային է դիտվելու Թուրքիայի համար: Հանգամանքը ևս մեկ անգամ բավականին արտահայտիչ ընդգծում է, թե ինչպես է ուկրաինական ուղղությամբ տեղի ունեցողը էապես իր ազդեցությունը թողնում Հայաստանի ու Արցախի անվտանգային միջավայրի վրա, ցույց տալով, թե գործնականում որքան՝ բառի բուն և պատկերավոր իմաստով անսահման ու մեծ է ամբողջ թափով ծավալվող մեծ խաղի ասպարեզը:








































