Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Մարգելովը սիրիական ընդդիմության հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Սիրիա կայցելեն ռուսաստանցի սենատորները:
Նա մասնավորապես հայտարարել է, որ Ռուսաստանի Դումայի ներկայացուցիչները կժամանեն Սիրիա, որպեսզի ճշմարիտ պատկերացում կազմեն Սիրիայում տիրող իրավիճակի մասին, քանի որ այս երկրից հակասական տեղեկություններ են ստացվում: Սիրիայի իշխանությունները հայտարարում են, որ պայքարում են ահաբեկիչների դեմ, իսկ Արևմուտքը Սիրիային մեղադրում է անմեղ մարդկանց սպանելու մեջ: Մարգելովն ասել է, որ երկուշաբթի օրը հանդիպելու է Սիրիայի իշխանությունների ներկայացուցիչների հետ և հույս է հայտնել, որ նրանք դեմ չեն լինի ռուս սենատորների այցին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Euronews-ին տված հարցազրույցում ասել էր, որ սիրիական ընդդիմությունը բազմաշերտ է, այնտեղ, հնարավոր է, իրենց տեղն են գտել նաև «ծայրահեղականները, կամ նույնիսկ ահաբեկիչները»:








































