Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերի հանձնակատար Ժոզեֆ Բորելը նախօրեին Եվրախոհրդարանում պատասխանել է պատգամավորների հարցերին՝ Արցախի շրջափակման ու դրա հետևանքների թեմայով քննարկմանը: Անշուշտ բավականին ողջունելի է, որ Եվրախորհրդարանը քննարկում է Արցախի շրջափակման հարցը: Եվրախորհրդարանի պատգամավորները բավականին կարևոր և սուր հարցեր են բարձրացրել Ժոզեֆ Բորելի առաջ, որոնց նա պատասխանել է «բորելյան ոճով», որով մինչ այժմ արտահայտվել է Հայաստան-Ադրբեջան խնդիրների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված վիճակի և մասնավորապես Արցախի շրջափակման առնչությամբ:
Բորելն իհարկե դատապարտում է Լաչինի միջանցքի արգելափակումը, այն համարում է խաղաղ կարգավորմանը խոչընդոտող գործոն: Բայց, այդ ամենով հանդերձ, Բորելի պատասխաններում բացակայում է գլխավորը՝ իսկ ի՞նչ անել, որ Ադրբեջանը ապաշրջափակի Արցախը, և ընդհանրապես՝ Եվրամիությունը իր առաջ դնու՞մ է այդպիսի նպատակ, տեսնու՞մ է դրա լուծման որևէ տարբերակ: Այն, որ Եվրախորհրդարանի պատգամավորները սուր հարցեր են տալիս, քննադատում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, իսկապես կարևոր է ու լավ, բայց, նույն պատգամավորները պատրաստվու՞մ են նախաձեռնել Եվրախորհրդարանի որոշումներ, որոնք պարտադիր կլինեն Եվրահանձնաժողովի, այդ թվում եվրահանձնակատար Բորելի կատարման համար, որոնք կփոխեն Բաքվի հանդեպ եվրոպական քաղաքականությունն ու կսահմանեն պատասխանատվություն՝ այդ քաղաքականության արժեքները ոտնահարելու համար, ինչը Եվրոպան անում է օրինակ Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ իրականացնող Ռուսաստանի հանդեպ: Ադրբեջանը այդ քաղաքականությունը վարում է Հայաստանի հանդեպ, Արցախի ժողովրդի հանդեպ, հետևողականորեն, արդեն տևական ժամանակ: Իսկ Ադրբեջանը Եվրոպայի Խորհրդի անդամ է, որը Հայաստանի հետ անդամակցելով այդ կառույցին՝ հեռավոր 2000 թվականին, պարտավորվել է նաև հակամարտությունները կարգավորել խաղաղ ճանապարհով: Եվրախորհրդարանը անցնող վեց ամիսների ընթացքում, ինչ Բաքուն շրջափակել է Արցախը, կտրել արտաքին աշխարհի հետ մարդկային կապից, անջատել գազն ու էլեկտրաէներգիան, ընդունել է կարևոր բանաձևեր, արձանագրելով իրավիճակը, ու դա շատ կարևոր քայլ է:
Բայց, անցնող կիսամյակը խոսում է այն մասին, որ այդ քայլերը անարդյունավետ են, հետևաբար լսելով Բորելին ուղղված եվրապատգամավորների հարցերը, հարց է առաջանում՝ այդ պատասխաններից հետո նրանք ունե՞ն կոնկրետ քայլեր, որոնք ի վիճակի կլինեն առարկայորեն ազդել եվրոպական մարդկային ու քաղաքական արժեքները տրորող Ադրբեջանի քաղաքականության վրա, թե՞ Եվրոպայում տեղի է ունենում համաշխարհային քաղաքականության համար դասական բաժանում՝ Եվրախոորհրդարանը շոյում է Հայաստանի և Արցախի հանրության ականջները, իսկ Եվրահանձնաժողովը շարունակում է սեղմել եվրոպական արժեքները ոտնատակ տվող Ադրբեջանի ձեռքն ու իրացնել եվրոպական իրական քաղաքականությունը: Կա՞ այդ հարցի պատասխանը Եվրոպայում:










































