Թուրքիան լրացուցիչ միջոցներ կձեռնարկի Հայաստանի նկատմամբ, եթե «Նեմեսիսի» հուշարձանը չապամոնտաժվի, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն: Փաստացի, Անկարան սպառնում է Հայաստանին: «Նեմեսիսի» հուշարձանի տեղադրումից հետո Անկարան փակեց օդային տարածքը հայկական ավիաընկերությունների համար: Այժմ, սպառնում է կիրառել լրացուցիչ միջոցներ, եթե արձանը չապամոնտաժվի:
Անկասկած է, որ Անկարան դնում է պայման, որի կատարմանը թերևս ինքն էլ չի հավատում, քանի որ Անկարայի պահանջով արձանի ապամոնտաժումը պարզապես կնշանակի բարոյա-քաղաքական կապիտուլյացիա: Հետևաբար, ակնառու է, որ Անկարան օգտագործելով առիթը փորձում է հայ-թուրքական գործընթացում ստեղծել փակուղի: Ի՞նչն է դրա նպատակը, ճնշում Հայաստանի՞ հանդեպ՝ Ադրբեջանին զիջումների գնալու համար, թե՞ հայ-թուրքական կարգավորման հարցում ԱՄՆ շահագրգռությունը նկատի ունենալով՝ ճնշում ԱՄՆ հանդեպ, այդ թվում նաև Թուրքիայի նախագահի ընտրության հաշվարկով: Հնարավոր է ընդհուպ ազդակ Ռուսաստանին, որը ևս ունի հայ-թուրքական հարաբերության կարգավորման շահագրգռություն, հաշվի առնելով այն լոգիստիկ հետաքրքրություններն ու անհրաժեշտությունները, որ առաջացրել է պատերազմը: Ի վերջո, սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու շահառուներից մեկը, եթե ոչ գլխավորը՝ կարող է լինել հենց Ռուսաստանը: Իսկ արդյո՞ք Թուրքիայի վարքը թուրք-ռուսական համատեղ ճնշում չէ Հայաստանի վրա, իսկ թուրք-ամերիկյա՞ն, հաշվի առնելով, որ Վաշինգտոնում փաստացի չհաջողվեց գալ համաձայնության, իսկ դրա պատճառը թերևս այն է, որ Հայաստանը չի ընդունում Ադրբեջանի պայմանները: Կարող ենք Թուրքիայի վարքագծի հարցում տեսնել վերը թվարկածս գործնականում բոլոր վարկածների հավանականություն:
Փաստն այն է, որ Անկարան ստեղծում է փակուղի, և դրա առիթը Հայաստանում տեղադրված հուշարձանն է, որի տեղադրումը Նիկոլ Փաշինյանը համարում է սխալ, բացատրելով նրանով, թե քաղաքային իշխանությունը տուրք է տվել «դավաճան» որակումներին և փորձել այդ կերպ ցույց տալ հակառակը: Այդուհանդերձ, եթե հուշարձանի տեղադրումը կարող էր առաջացնել Անկարայի այդօրինակ սուր ռեակցիան, ապա պետք էր անել ամեն ինչ՝ տեղադրումը որևէ կերպ չեղարկելու համար, դրա որոշման իսկ փուլում: Հարցն այն չէ՝ դա՞ կլիներ ճիշտ որոշում, թե՞ ճիշտ է հուշարձանը տեղադրելը: Խնդիրն այն է, որ ցանկացած քայլ պետք է լինի պատասխանատու, հատկապես, երբ վերաբերում է շատ նուրբ թե բարոյական, ազգային արժանապատվության, և թե քաղաքականության շերտերին: Սակայն, լայն իմաստով, Հայաստանում թերևս չարժե տրվել այդ թեմայով ավելորդ, այն էլ հրապարակային տվայտանքների: Անկարան դրանից միմիայն ավելի է ոգևորվելու և գոտեպնդվելու: Մտածել, թե Թուրքիան իսկապես «հուզվել» կամ «վրդովվել» է հուշարձանից, կլինի պարզապես միամտություն: Անկարայի համար դա առիթ է, իսկ հայ-թուրքական հարցը՝ գործիք երրորդ երկրների հետ հարաբերություններում: Ըստ այդմ, Թուրքիան գտնելու էր նոր առիթ: Իսկ այդպիսի պատրաստի առիթը հայ-ադրբեջանական սահմանն է և փխրուն իրավիճակը: Թուրքիան չունի առիթի խնդիր, հետևաբար պետք է կենտրոնանալ անելիքի վրա, այլ կերպ ասած՝ երրորդ երկրների հետ համակարգված աշխատանքի, որի օգնոությամբ պետք է կառավարվի իրաղրությունն ու կայունությունը:







































