«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը` որպես Հայաստանում ՀՏՖ Համաշխարհային մրցունակության և արտադրողականության կենտրոնի գործընկեր, ներկայացրել է «Համաշխարհային մրցունակության զեկույց 2011/12»-ի հիմնական արդյունքները:
2011/12 զեկույցի արդյունքներով՝ Շվեյցարիան շարունակում է պահպանել առաջատարի դիրքը: Մրցունակությամբ առաջին հնգյակում են նաև Սինգապուրը, Շվեդիան, Ֆինլանդիան և ԱՄՆ-ը:
ԱՊՀ տարածաշրջանի (ներառյալ Վրաստանը) երկրների խմբում, նախորդ տարվա համեմատ, հետընթաց են գրանցել Ղրղզստանը և Ռուսաստանը: Տաջիկստանը, Ուկրաինան և Հայաստանը առավելագույնն են բարելավել իրենց դիրքերը:
ԱՊՀ երկրների մեջ առաջատարը Ադրբեջանն է (ընդհանուրի մեջ զբաղեցնում է 55-րդ տեղը), Վրաստանը 5-րդ տեղում է (ընդհանուրի մեջ` 88-րդը):
ՀՀ դիրքի 6 տեղով բարելավումը պայմանավորված է մրցունակության ցուցչի հենասյուների մեծ մասի բարելավումներով: Էական առաջընթաց է գրանցվել հաստատությունների, ենթակառուցվածքների, բարձրագույն կրթության և վերապատրաստման, աշխատուժի և ֆինանսական շուկայի, ինչպես նաև տեխնոլոգիական պատրաստվածության ոլորտներում:
ՀՀ դիրքերը զգալիորեն վատթարացել են մակրոտնտեսական միջավայրի և կայունության առումով:
ՀՀ իրական մրցակցային առավելություններն են աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու գործելակերպը, գործունեություն սկսելու գործընթացների պարզությունը, ինչպես նաև մալարիայի, հանցագործությունների և ահաբեկչության ազդեցության ցածր մակարդակը, մաքսադրույքերի չափը: Այս տարի բջջային կապի ոլորտում բաժանորդների քանակը ներառվել է 10 լավագույն ցուցանիշների կազմում:
Ամենաէական թերությունների շարքին են դասվել մրցակցային այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են մրցակցության դաշտի հետ կապված խնդիրները, մաքսային գործընթացների բեռը, ինչպես նաև բուհ-արդյունաբերություն կապը, պետության կողմից տեխնոլոգիական ապրանքների գնումները, շուկայի չափը, բիզնես կրթության որակը:







































