Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան Քրիստինա Քվինը հայտնել է, որ հանդիպում է ունեցել մի խումբ հայ գործարարների հետ: Նա նշել է, որ հայ-ամերիկյան առևտրային կապերի խորացումը իր առաջնահերթություններից է: Այն, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանի նոր թեկնածությունն արդեն իսկ հուշում էր այդօրինակ մի առաջնահերթության մասին, խոսեցի դեռևս այն ժամանակ, երբ հայտնի էր դարձել Քրիստինա Քվինի առաջադրման մասին:
Քվինն իր դիվանագիտական երկարամյա աշխատանքի ընթացքում «մասնագիտացել» էր տնտեսական ուղղությամբ դիվանագիտական գործունեության դաշտում, զբաղվել տնտեսական դիվանագիտության հարթությունում եղած հարցերով, ունեցել այդօրինակ դիվանագիտական կարգավիճակներ: Նրա կենսագրական այդ հանգամանքի ուսումնասիրությունը հուշեց կարծիքը կամ եզրահանգումը, որ ընթերցողին ներկայացրի դեռևս ամիսներ առաջ՝ երբ Քվինի թեկնածությունը Բայդենը ներկայացրեց Կոնգրեսին: Եվ ահա, արդեն տևական ժամանակ Հայաստանում իր պաշտոնավարումը սկսած դեսպանը ինքն է արձանագրում, որ առևւտրային կապի խորացումը իր առաջնահերթություններից է: Թե հատկապես ինչ ոլորտի գործարարների հետ է հանդիպել դեսպանը, մանրամասներ հայտնի չեն: Բոլոր դեպքերում, այդօրինակ հանդիպումները ողջունելի են: Միևնույն ժամանակ, երբ խոսվում է հայ-ամերիկյան առևտրատնտեսական կապի մասին, պետք է թերևս արձանագրել, որ այստեղ անհրաժեշտ է տրամաչափային լրջություն: Այդ առնչությամբ, արժե թերևս հիշել մի օրինակ:
Տարիներ առաջ, երբ Հայաստանում դեսպան էր Ջոն Հեֆֆերնը, որը ևս բավականին աշխուժորեն փորձում էր զբաղվել նաև տնտեսական կապերի խթանումով, Երևանում բացվեց ֆաստ-ֆուդի կետ, կարծես թե կալիֆոռնիական բուրգեր անվանումով: Դրա բացմանը մասնակցեց ԱՄՆ դեսպանը: Կետը գործնականում չաշխատեց, մի շարք պատճառներով, և սգալիորեն սուբյեկտիվ: Այսօր դրա հետքն էլ չկա: Սա մի օրինակ է այն մասին, որ հայ-ամերիկյան տնտեսական կապ ասվածը հատկապես դեսպանական մակարդակում պետք է դիտվի առավել լուրջ մասշտաբներով և խոսք պետք է լինի ընդհուպ ռազմավարական նշանակության տնտեսական ծրագրերի քննարկման մասին, ինչը մի կողմից ցույց կտա երկուստեք տրամադրվածության և դիտարկումների լրջությունը, և մյուս կողմից թույլ կտա նաև ըստ այդմ չափել ծրագրերի մշակման և իրականացման կամքն ու ներուժը: Իսկ այն, որ հայ-ամերիկյան հարաբերությունն ու ռազմավարական երկխոսությունը կարող են հիմնված լինել միայն ամուր ու խորքային տնտեսական փոխշահեկանության բազայի վրա, թերևս անկասկած է, քանի որ դա աքսիոմատիկ է գործնականում ցանկացած միջպետական սուբյեկտային հարաբերության պարագայում:









































