Ամերիկյան Foreign Affairs պարբերականը հրապարակել է անդրադարձ Հարավային Կովկասի իրավիճակին, որում նշվում է լարվածության ռիսկը՝ հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքով: Վերջին շրջանում միջազգային մեդիան և վերլուծական կենտրոնները հաճախ են խոսում այդ մասին, թեև դա գուցե զարմանալի էլ չէ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանն օրինակ անգամ վարչապետի մակարդակով է խոսել էսկալացիայի ռիսկի մասին: Այդ խոսակցությունները սակայն ունեն տարբեր մոտիվներ, կամ՝ կարող են ունենալ: Մասնավորապես, երբ էսկալացիայի ռիսկի աստիճանի բարձր լինելու մասին խոսում է Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, դա կարող է ունենալ այդ ռիսկի մասին բարձրաձայնելով՝ միջազգային դերակատարների պատասխանատվությունն ընդգծելու շարժառիթ կամ նկատառում, ռիսկը կառավարելու և իրականության վերածելը կանխելու համար: Երբ այդ ռիսկի մասին խոսում են արտերկրի վերլուծական կենտրոնները, ապա այստեղ կարող են լինել այլ մոտիվներ, հակառակ տրամաբանությամբ՝ պատասխանատվությունը հայ-ադրբեջանական հակամարտության դաշտ տեղափոխելու համար, լարվածության պատասխանատվությունն «ավանսով» թողնելով կողմերի վրա, որոնք չեն կարողանում պայմանավորվել և ըստ այդմ իրավիճակը հասունանում է մինչև ապակայունացում:
Այն հանգամանքը, որ էսկալացիայի ռիսկի մասին պաշտոնապես ահազանգում է Երևանը, խոսում է այն մասին, որ հենց Հայաստանի համար է այդ ռիսկը զգայուն, մի շարք հասկանալի պատճառներով: Ըստ այդմ, եթե, Աստված մի արասցե տեղի ունենա էսկալացիա, «պատասխանատվությունը» մնալու է Երևանի վրա, որ չի արել «համապարփակ կարգավորման» համար անհրաժեշտ քայլեր: Այդ մասին հրապարակային մակարդակում կարող է չբարձրաձայնել ոչ ոք, և չեն էլ բարձրաձայնի, բայց կհայտարարեն, որ չկա ռազմական լուծում և պետք է լինի բանակցություն:
Բայց, չի լինի «ռազմական լուծման» փորձ արած որևէ մեկի հասցեական պատասխանատվության շեշտադրում ու հարցադրում, ինչպես որ չի եղել 44-օրյա պատերազմից հետո, չի եղել Հայաստանի սահմանների հանդեպ ագրեսիայից հետո: Թե ինչու չկա այդ ամենը, պատասխանները պարզ են՝ ուժային խոշոր դերակատարներից բոլորն էլ ունեն Ադրբեջանի հետ կապված իրենց ծրագրերն ու հարցերը, հետևաբար նրանցից որևէ մեկը չի դիիրքավորվի Բաքվի դեմ, եթե Բաքուն ինքը չդիրքավորվի տվյալ կենտրոնների շահերի դեմ: Այդ համատեքստում, Երևանի համար ավելի ու ավելի կարևոր է դառնում Բաքվի պատասխանատվության հասցեականացման և առարկայացման հարցի միջազգային տոտալ շեշտադրումը: Սա պետք է լինի Հայաստանի հասարակական-քաղաքական օրգանիզմի գործնականում բոլոր մտահոգ դերակատարների խնդիրը, իհարկե Հայաստանի՝ իր բաժին պատասխանատվության խնդրի լուծումների առաջնահերթության աներկբայությանը զուգահեռ:










































