Լուսանկարը՝ Armeniasputnik-ի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթը հրապարակել է վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի գրառումն այն մասին, որ իր հանդեպ չի եղել քաղաքական կամ որևէ այլ բնույթի հարձակում, չի եղել որևէ այդպիսի միջադեպ: «Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին», ասում է Աշոտ Փաշինյանը: Այս հայտարարությունը պարզապես հերքում չէ, որովհետև այն հերքում է տեղեկություն, որը լայնորեն հանրայնացրել է ընդհուպ ՀՀ ԱԺ նախագահը: Նա էր, Կասկադում իր հետ կապված հայտնի միջադեպի և դրա առաջացրած աղմուկի պայմաններում գրառում արել, որտեղ խոսել էր նաև Աշոտ Փաշինյանի մասին, ասելով, թե եղել է նաև հարձակում նրա վրա: Եվ ահա, Աշոտ Փաշինյանը այդ տեղեկությունը որակում է «ստահոդ»:
Փաստացի, ստացվում է, որ Հայաստանի ԱԺ նախագահը տարածել է Հայաստանի վարչապետի որդուն առնչվող ստահոդ տեղեկություն, համենայն դեպս ըստ վարչապետի որդու գրառման: Ինչպե՞ս է արձագանքելու դրան ԱԺ նախագահը: Եթե ինչ որ մեկը խաբել է նաև նրան, ապա թերևս պետք է հնչի այդ ինչ որ մեկի կոնկրետ անունը: Եթե ոչ ոք չի խաբել նրան, ապա այդ դեպքում հարց է առաջանում, թե ի՞նչ տրամաբանությամբ են արվում ԱԺ նախագահի հանրային գրառումները կամ հայտարարությունները, առավել ևս նրանք, որոնք վերաբերում են Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը, քանի որ վարչապետի ընտանիքի անդամը ըստ էության հենց այդ կատեգորիային վերաբերող սուբյեկտ է, ինչը ամրագրված է նաև ՀՀ օրենսդրության այն դրույթով, որ ընտանիքի անդամները ենթակա են պետական պահպանության:
Մտածել, թե ԱԺ նախագահը բացարձակապես անհիմն կերպով է հիշատակել վարչապետի որդու հետ կապված որևէ հանգամանք, թերևս կլինի շատ «անիրատեսական»: Ի վերջո, միթե՞ ԱԺ նախագահը իրեն հաշիվ չէր տալիս, թե ինչ հանրային արձագանք է լինելու այդօրինակ հիշատակման պարագայում, եթե չուներ դրա հիմքը: Այստեղ սակայն, ԱԺ նախագահի գրառման հիմքերն ու մոտիվները ուշադրության են արժանի նրանով, թե դրանք որքան են արտացոլում Հայաստանի կառավարող մեծամասնության ներսում առկա որևէ ճգնաժամային իրավիճակ կամ լարում, ինչի ուղղակի, թե անուղղակի վկայություն է նաև Հայաստանի վարչապետի որդու հանրային գրառումը, որը փաստացի խիստ անհարմար վիճակում է դնում Հայաստանի խորհրդարանի նախագահին, որն ի պաշտոնե Հայաստանի դե ֆակտո երկրորդ դեմքն է, միակ առաջնային մանդատ կրող ներկայացուցչական կառույցի ղեկավարը: Մտածել, թե ըստ էության մեկ օր անց վարչապետի որդին է իրավիճակին տվել զգայական արձագանք, ընդ որում առանց վարչապետի իմացության, ընդ որում փաստորեն ընտանեկան սեփականություն թերթի միջոցով, կլինի թերևս անլուրջ: Հետևաբար, ստացվում է իշխանության օրգանիզմի ներսում առկա «շեղումների» բավականին լուրջ իրավիճակ, ինչի մասին է խոսում և այն, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ի պատասխան Աշոտ Փաշինյանի գրառման վերաբերյալ լրագրողների հարցերին, ասել է, թե չի մեկնաբանելու գրառումը:









































