Նախօրեին ՏԻՄ ընտրություններ էին Սիսիան և Անի համայքներում։ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 49.63 տոկոսը կամ 22 հազար 880 քաղաքացիներից 11 հազար 356-ը։
Շիրակի մարզի Անի համայնքում քվեարկությանը մասնակցել է քաղաքացիների 62.01 տոկոսը կամ 15 հազար 918 քաղաքացուց 9870-ը։
Ընտրողների մասնակցությունը 54.71 տոկոս է, կամ 21 հազար 226 քաղաքացի։
Այս առնչությամբ, Ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն իրականացնող «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Մենք համարում ենք, որ մեծ հաշվով, ֆենոմենալ, շատ մեծ խախտումներ չեն եղել: Եղել են առանձին դեպքեր, որոնց հարցով պետք է քննություն տարվի, այդ թվում կապված թե ընտրողի քվեարկության գաղտնիության խախտման հետ, լռության օրը քարոզչություն իրականացնելու հետ: Սակայն ֆենոմենալ խախտումներ չենք նկատել»:
Հարցին՝ կարելի՞ է ասել, որ պայքար կրկին ներկայի ու նախկինի միջև էր, նա պատասխանեց. «Մենք այս անգամ ընտրողների պահվածքի հետազոտություն չենք արել, բայց տպավորություններն այնպիսին էր, որ մարդիկ ընտրում են անձանց, ոչ թե կուսակցություններին: Օրինակ՝ ՀՀԿ-ի օգտին քվեարկողներն այդքան էլ չէին պատկերացնում, որ դա Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցությունն է: Ասում էին՝ էս մարդը մեր ընկերն է, մեր բարեկամն է և դրանից ելնելով քվեարկում էինք»:
Նա նկատեց, որ շատ մեծ աշխատանք կա կատարելու ընտրողների հետ, որ նրանք հասկանան, որ իրենք ընտրում են կուսակցությանը, որ հետո կուսակցությունն է պատասխանատվություն կրում քաղաքում իշխանությունը վատ իրականացնելու համար կամ կուսակցությունն է ստանում բոնուսներ կամ հեղինակություն իշխանությունը լավ իրականացնելու համար: «Շատ կարևոր է, որ ժամանակի ընթացքում ընտրությունները կուսակցական մրցապայքարի տրանսֆորմացվեն»,- ընդգծեց Իոաննիսյանը:
Ինչ վերաբերում է նրան, որ երկրում բազմաթիվ անվտանգային և այլ մարտահրավերների պայմաններում քաղաքացիները նորից ձայն են տալիս իշխող ուժին, նա ասաց. «Այո, մենք նկատել ենք, որ որպես կանոն որ ուժը տվյալ համայնքում արդեն իսկ ունի իշխանություն, այդ ուժին ավելի հեշտ է լինում համայնքային ընտրություններում հաղթել: Բայց դա այնքան էլ աքսիոմատիկ չէ, որովհետև մենք տեսնում ենք, որ Սյունիքի մարզում ՔՊ-ն, ըստ էության, իշխանություն ունի 2 համայնքում՝ Տեղ և Սիսիան: Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի, Տաթև համայնքներում իշխանությունը ՔՊ-ական չէ: Ես դրանում առանձնապես բան չեմ տեսնում»:







































