Բաքվում Ռուսաստանի դեսպանն ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, թե Եվրամիության քաղաքացիական դիտորդությունը կարող է այդքան էլ քաղաքացիական չլինել, այլ պարունակել նաև ոչ քաղաքացիական ներկայացուցիչներ: Նա հայտարարել է, թե չի բացառվում նաև, որ այդ առաքելությունը հետո արդեն հավակնի նաև ղարաբաղյան գոտուն:
ՌԴ դեսպանը հայտարարել է, որ Եվրամիության և նրա հովանավոր ԱՄՆ նպատակն է Ռուսաստանը դուրս մղելը: Ռուսաստանցի դիվանագետը խոսել է նաև այն մասին, թե այդ կերպ Կովկաս է գալիս արտառեգիոնալ միավոր, որի կարիքը չկա: «Այդ առաքելության՝ հնարավոր ռազմական բաղադրիչներով որոշակի ներկայության վերածվելու հավանականությունը, ինչպես նաև հավանականությունն առ այն, որ այս առաքելությունը կսկսի աչքը գցել Ղարաբաղի տարածքին, ինչը կլինի նրա մանդատի խախտում, ստիպում է մեզ ասել, որ ռիսկեր կան»: ՌԴ դեսպանը «վախեցնու՞մ» է Ադրբեջանին՝ եթե չաշխատեք մեզ հետ և շարունակեք ստեղծել խնդիրներ, ապա ստիպված կլինեք գործ ունենալ ԵՄ հետ, թե՞ Ադրբեջանին առաջարկում է իր նկարագրած հեռանկարի դեմ համատեղ պայքար, խոսելով արտառեգիոնալ դերակատարների անցանկալի մուտքի մասին:
Ամբողջ հարցն այն է, որ ԵՄ դիտորդական առաքելության մասին որոշումը հազիվ թե կայացած լինի այսպես ասած ընդդեմ Ադրբեջանի: Ադրբեջանը որևէ նկատելի քայլ չի ձեռնարկել այդ որոշմանը խանգարելու համար, թեև ուներ օրինակ մի շարք հնարավորություններ ու աջակիցներ: Ավելին, Ադրբեջանը հայտարարել է, որ այդ որոշումն ընդունում է ի գիտություն, ակնարկելով, թե խնդիր կտեսնի այն դեպքում, երբ առաքելությունը դուրս գա նախկին համաձայնությունների շրջանակից: Իսկ, թե որոնք են այդ նախկին կամ եղած համաձայնությունները, այստեղ արդեն գործ ունենք թերևս խիստ ոչ միարժեք պատկերի հետ: Այդ պայմաններում, մեղմ ասած հարց է՝ իսկ Ադրբեջանն ինքը մասնակից չէ՞ Ռուսաստանին ռեգիոնից դուրս մղելուն: Համենայն դեպս, եթե այդպես չէ, ապա Բաքուն պետք է որ չստեղծի այնպիսի իրավիճակներ, որոնք աղաղակող ձևով արտահայտում են ռուսական մոդերատորության ոչ էֆեկտիվությունը և դնում այլընտրանքների հարց:
Հետևաբար, եթե Ադրբեջանը գնում է այդպիսի քայլերի, օրինակ մոտ երկու ամիս է, ինչ արգելափակված է պահում Լաչինի միջանցքը և փաստացի ակնառու դարձնում ռուսական անգործությունը կամ ոչ էֆեկտիվությունը, ուրեմն Բաքուն հենց ինքը մասնակից է Ռուսաստանը դուրս մղելուն և արտառեգիոնալ նոր խաղացողի մուտք ապահովելուն: Որովհետև Հայաստանը փորձում է ընդամենն ապահովել իր և Արցախի անվտանգության նվազագույն կարիքները, ու, եթե այդ անվտանգությունն ապահովված է, Հայաստանը որևէ խնդիր չի ստեղծում ռուսական ներկայության համար: Այդպիսով, Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի հայտարարությունները եթե զգուշացում չեն Բաքվին, այն տողատակով, որ՝ եթե Ադրբեջանը շարունակի խաղը Եվրամիության հետ, ապա ՌԴ-ն ինքը կարող է սկսել այդպիսի մի խաղ՝ մասնավորապես Ֆրանսիայի հետ, կամ էլ պարզապես ՌԴ անզորության կամ մանիպուլյացիայի դրսևորում են:









































