Այս տոնական օրերին հնարավորություն եմ ունեցել շփվելու բազմաթիվ արցախցիների հետ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ հանգիստ տանում եք այս դժվարությունները։ Մարդկանց 90 տոկոսը հանգիստ, ուժեղ դրսևորելով իրենց՝ տանում են բլոկադայի հետևանքով առաջացած խնդիրները, դժվարությունները։ Այդ մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Եղել են դեպքեր, որոնք անընդունելի են ինձ համար։ Օրինակ՝ ունևոր մի ընտանիք գնացել է հանգստանալու՝ օգտագործելով իր կապերը։ Դա մեծ արձագանք է ստացել։ Ես չեմ ընդունում, որ մարդ մի քանի տոննա բենզին փոխանակում է միայն իր ընտանիքին պետքական այլ բաների հետ՝ այն դեպքում, երբ շտապ օգնության մեքենարը, կարող է, վառելիքի խնդիր ունենան շուտով։ Այդ վառելիքը կարող էր զգալի թեթևացնել մեր բոլորիս հոգսերը։ Չեմ ընդունում այն խանութների տերերին, ոոնք պահում են ապրանքը և իրենց բարեկամներին ու ծանոթներին են տալիս։ Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր տասնյակ լիտրերով ձեթ են առնում։ Ինչ ունենք, պետք է կարողանանք կիսել միմյանց միջև։ Բոլորս ենք բլոկադայի մեջ։ Չեմ ընդունում նաև այն, որ գալիս ասում են՝ էս մարդը միլիոններ ունի, բայց պատասխանատվութուն չեն կրում իրենց խոսքերի համար»,-ասաց Արցախի պետնախարարը։
Ռուբեն Վարդանյանը նաև նշեց, որ վաղը՝ Կառավարության նիստին, խոսելու է կայացված աշխատանքային որոշումների ու հայտարարությունների մասին։
«Իրավիճակը շատ լուրջ է։ Սերը, հավատն ու ուժն է, որ թույլ կտան հաղթահարել այս իրավիճակը, և հավատացած եմ, որ դա մեզ կհաջողվի»,-եզրափակեց Վարդանյանը։









































