Երեկ ձերբակալված Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի եղբայրը՝ Նոր Նորք և Ավան համայնքի ոստիկանապետ Մուշեղ Օհանյանը, այսօր մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքը հրաժարականի դիմում չի ներկայացրել, չի էլ պատրաստվում:
Հիշեցնենք, որ որոշ լրատվամիջոցների տեղեկություններով, Մուշեղ Օհանյանը այսօր–վաղը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացնելու։ Ավելին՝ նշվում է, որ նա իր աշխատասենյակում իրերն է հավաքում։
Մեր այն դիտարկմանը՝ ինֆորմացիան պատվիրվա՞ծ է, թե՞ պարզապես չճշտված աղբյուրների արդյունքում ենթադրություններ են, պատասխանեց, որ իր կարծիքով չճշտված աղբյուրների արդյունք է: «Պատվիրված չեմ կարծում»,- ավելացրեց պարոն Օհանյանը:
Իսկ այն հարցին, թե իր կարծիքով, որքանո՞վ է հիմնավոր իր եղբորն առաջադրված մեղադրանքը՝ ասաց. «Ես որպես եղբայր եմ գործին ծանոթ, այնքան, որ լսել եմ, բայց չեմ հավատում, որ նման բան լինի»,- ավելացրեց Մուշեղ Օհանյանը:







































