Բիշքեկում խաղաղ երթ է ընթանում՝ ընդդեմ Քեմպիր-Աբադ ջրամբարը Ուզբեկստանին փոխանցելու: Այդ մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Ցուցարարների պահանջն այն է, որ ջրամբարը և դրա տարածքը մնան Ղրղզստանի տիրապետության ներքո։ Բացի այդ, հանրահավաքի մասնակիցները պահանջում են դադարեցնել ջրամբարի փոխանակման, սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները, վերակազմավորել սահմանազատման պետական հանձնաժողովը։
Պահանջներից է նաև, որ սահմանազատման արձանագրությունների գույքագրում կատարվի, և բոլոր փաստաթղթերը հրապարակվեն։ Վերջին պահանջը երկրում քաղաքական հետապնդումների անհապաղ դադարեցումն էր։ Ղրղզա-ուզբեկական սահմանի երկարությունը ավելի քան 1300 կմ է։