ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի և ՄԻՊ Կարեն Անդրեասյանի միջև սկսված հեռակա բանավեճն արդեն անցել է միմյանց հասցեին որակումներ տալու և մեղադրելու փուլի: Բանն այն է, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ուրբաթ օրը հայտարարել էր, թե հանրակրթական դպրոցի դասագրքերի մրցույթի ընթացքում ԿԳՆ-ն խախտել է մաթեմատիկայի դասագրքի հեղինակի իրավունքը, քանի որ մրցույթին ներկայացվել և հաղթող է ճանաչվել մրցութային հանձնաժողովի անդամի գիրքը:
Այս հայտարարությանն ի պատասխան ԿԳՆ-ն էլ ՄԻՊ գրասենյակին մեղադրեց ոչ պրոֆեսիոնալ, ոչ ճշգրիտ և հապճեպ որակումներ տալու մեջ և խորհուրդ տվեց բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը: Սրան հետևեց նաև ՄԻՊ պատասխանը, որտեղ ԿԳ նախարարն անուղղակի կերպով «դեմագոգ» անվանվեց և նշվեց, որ «մարդու իրավունքների խախտման բուն դեպքի մասին մտահոգվելու և սեփական համակարգային լուրջ խնդիրները լուծելու կարողություն դրսևորելու փոխարեն, ՀՀ ԿԳՆ-ն փորձում է էժան որակումներով վնասել ՄԻՊ ինստիտուտին»:
«Առաջին լրատվականը» իրավապաշտպան Արտակ Զեյնալյանից փորձեց պարզել, թե ինչ դաշտում է տեղավորվում նման հեռակա բանավեճը և ինչքանով է ՄԻՊ-ի լիազորությունների մեջ տեղավորվում այս խնդիրը:
Իրավապաշտպանը նշեց, որ եթե մարդու իրավունքների պաշտպանն ունի համապատասխան դիմում կամ իր նախաձեռնությամբ է վարույթ հարուցել, ապա իրավունք ունի դիմելու վարչական մարմնին՝ մատնացույց անելով իրավունքի խախտումը, և վերջինս պետք է վերացնի այդ խախտումը. «Բայց որակումներ տալուց պետք է կողմերը զերծ մնան, և ամեն ինչ պետք է լինի պատշաճության սահմաններում՝ փաստերի վերաբերյալ տրվեն իրավական գնահատականներ և ոչ ավելին»:
Նկատենք, որ օրեր առաջ էլ մարդու իրավունքների պաշտպանը երեք դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու հաղորդում էր ներկայացրել ՀՀ արդարադատության խորհրդին: Զեյնալյանը նկատեց, որ օրենքով պաշտպանը նման լիազորություններ ունի, սակայն, իր կարծիքով, օրենքի այդ նորմը հակասում է Սահմանադրությանը, և դատավորների դատական գործունեությանը որևէ մեկը չպիտի միջամտի. «Եթե դատավորը դատական ակտ է կայացրել, ապա դա գնահատման առարկա կարող է դառնալ բացառապես բողոքարկման վարույթի շրջանակներում, իսկ դրանից տարբերվող ցանկացած միջնորդություն իրավաչափ չէ, կամ էլ կարող է լինել գիտական մեկնաբանություն, որը որևէ իրավական հետևանք չպետք է առաջացնի»:







































