«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հկ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանը:
-Ժա՛ննա, տարիներ շարունակ ուսումնասիրում եք բանակում տեղի ունեցող միջադեպերը`սպանություններ, ինքնասպանություններ և այլն, որոնք մեծամասամբ չեն բացահայտվում: Ըստ Ձեզ` այս ամենը պահանջում է համակարգայի՞ն փոփոխություն, թե՞ յուրաքանչյուր գործին պետք է, այնուամենայնիվ, լինի անհատական մոտեցում:
– Մահվան դեպքերը բանակում չեն նվազում, և իմ գնահատմամբ՝ իրավիճակն այսօր էլ շարունակում է մնալ աղետալի: Ամեն մի դեպքից հետո թվում է, թե կանխվելու է հաջորդը, սակայն, հետևելով անցած տարվանից սկսված և շարունակվող մահվան մեծաթիվ դեպքերին, մի բան կարելի է ասել, որ ՊՆ-ն չի տիրապետում իրավիճակին կամ կամք չի դրսևորում՝ փոխելու այս իրավիճակը: Անշուշտ, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, և այստեղ անհատական մոտեցման խնդիր չի կարող լինել:
Մենք գործ ունենք երիտասարդ մարդկային կյանքերի կորստի հետ, որոնք, հիմնականում մնում են չբացահայտված, և հանրությունն այդպես էլ չի իմանում, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Այս ամենի պատճառը զորամասերում, բանակի ներսում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտն է: Ճիշտ է, ՊՆ նախարարն ասում է, որ ամեն ինչ անում է իրավիճակը շտկելու համար, բայց ասածի արդյունքը չկա, և այդ կոմերիտական-կարգհապահական միջոցառումները շատ հեռու են համակարգային փոփոխություններ կոչվելուց: Մենք այսօր չենք տեսնում այն կամքը, որ պետք է զինվորական վերնախավը դրսևորի և փրկի բանակը այս աղետալի վիճակից:
-Դուք նշեցիք, որ վերջին մեկ տարվա ընթացքում բանակում սպանությունների, ինքնասպանությունների դեպքերն ավելացել են, սակայն կարծիք կա, որ ոչ թե շատացել են, պարզապես հիմա ամեն բան հրապարակային է դարձել: Համաձա՞յն եք:
-Կարևոր չէ, թե տարին քանի դիակ են տուն տանում, այստեղ նվազելու կամ ավելանալու հարցը չէ, մի զինվորի մահն արդեն իսկ շատ մեծ կորուստ է: Իմ տպավորությամբ՝ վերջին տարիներին`բանակում մահվան դեպքերն ավելացել են կամ, համենայնդեպս, չեն նվազել ընդհանրապես: ՊՆ-ն տվյալներ չի տրամադրում մահվան դեպքերի վերաբերյալ, եթե հիշում եք Պնախարարը սա ռազմական գաղտնիք էր համարում, և Արթուր Սաքունցն էլ հարցը վիճարկում էր դատարանում: Ցավոք սրտի, մենք նույնիսկ իրական պատկերը չունենք մահվան դեպքերի քանակի, և ամեն մի դեպքից հետո պարզապես արձանագրում ես, որ ոչինչ էլ չի փոխվել: Բանակը պետք է բացել հանրության առջև, թաքցնելով ու կեղծիքներով որևէ բան չես փոխի: Դա խորհրդային մտածողության արդյունք է: Այդ ժամանակները վաղուց հեռացել են մեզանից: Հիմա մենք մի այլ ժամանակ ենք ապրում, որտեղ միայն բաց և թափանցիկ աշխատանքը կարող է արդյունք տալ:
-Երբ նշում եք, որ բանակում բռնի գործողություններ են տեղի ունենում, ի նկատի ունեք սպաների կողմի՞ց տեղի ունեցող գործողությունները:
-Վերջին տարիներին քրեական գործերը հիմնականում հարուցվում են ինքասպանության հոդվածներով, և դրանց բացահայտման ուղղությամբ տարվող քննությունը հուսադրող չէ: Եթե անգամ դրանք ինքնասպանություններ են, ապա իրավիճակը դրանից չի փոխվում, քանի որ սա վկայում է զորամասերում տիրող անառողջ մթնոլորտի, բարոյահոգեբանական ծանր վիճակի մասին: Այսինքն`մարդը գտնվում է մի միջավայրում, որտեղ բռնի բարքեր են, և նա ստիպված է դիմում ինքնասպանության`ազատագրվելու այդ իրավիճակից: Իհարկե, հսկողությունն իրականացնողը սպայական կազմն է, և պատասխանատվությունը նրանց վրա է: Սակայն, եթե վստահելու լինենք զինվորական իրավապահներին, ապա պատասխանատվության սլաքը հիմնականում ուղղված է շարքային զինծառայողների վրա:
-Ինչո՞ւ են, այնուամենայնիվ, կոծկվում այս դեպքերը, ինչո՞ւ մի գործ այդպես էլ մինչև վերջ չի բացահայտվում:
-«Ինքնասպանությունների» այս անվերջանալի շարքը ցույց է տալիս, որ բանակի վերնախավը սրանով խուսափում է պատասխանատվությունից, այսինքն`երբ հարուցում են գործը՝ որպես ինքասպանություն, այս ճանապարհով փորձում են խուսափել պատասխանատվությունից` մեղքը բարդելով ծնողի վրա, թե քո զավակը ինքնասպան է, ես ինչ անեմ, իսկ ծնողը միաժամանակ երկու ցավ է ապրում, նախ` կորցրնում է որդուն, հետո փորձում է ազատվել ինքնասպանության պիտակից, և սա տառապալից ուղի է: Իրականում սպանություն թե ինքնասպանություն՝ միևնույնն է, պատասխանատուն բանակի վերնախավն է: Հիշեք Խալաֆյանի դեպքը` ամբողջ իշխանական վերնախավը պայքարում էր, որ դեպքը որակվեր որպես ինքնասպանություն, թեև դրա մեջ տրամաբանություն չեմ տեսնում: Բոլոր դեպքերում պատասխանատուն պետությունն է: Ինձ մոտ տպավորությունն այնպիսին է, որ նույնիսկ ներքին որոշում կա, որ բանակում տեղի ունեցող դեքերը որակվեն որպես ինքնասպանություններ:
Մյուս հարցը անպատժելիության մթնոլորտն է: Մահվան իրական հանգամանքները չեն բացահայտվում, և իրական մեղավորները չեն պատժվում, մենք այդպես էլ չենք իմանում, թե իրականում ինչ է տեղի ունեցել, իսկ անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում:
-Վերջին Ձեր նյութերից մեկում ասում էիք, որ Արտակ Նազարյանի գործի բացահայտումը խթան կհանդիսանա մյուս բոլոր գործերի բացահայտման համար…
-Պարզապես Արտակ Նազարյանի գործը աղմկահարույց էր: Եվ ընդհանրապես՝ ցանկացած մահվան գործ կամ որևէ գործ, որն աղմկահարույց է, ինքնին ազդեցություն է թողնում՝ և’ հասարակության, և’ ընդհանուր մթնոլորտի վրա: Հասարակությունն ավելի ուշադիր է դառնում այդ ամենի նկատմամբ, և բնականաբար, հասարակական ճնշման ներքո նախաքննական մարմինը կամ դատարանը, զինվորական իրավապահները ստիպված են լինում հաշվի նստել:
Մի հանգամամք էլ կա, ՊՆ քննչական ծառայությունը, ով զբաղված է այս գործերի քննությամբ գտնվում է ՊՆ համակարգում, այսինքն անկախ մարմին չէ և, բնականաբար, չի կարող այդ մարմինը կախվածություն չունենալ ՊՆ վերանախավից, իսկ վերջինս, ինչպես տեսնում ենք անձեռնմխելի է: Մենք երբեք չենք տեսնում, որ պատասխանատվության ենթարկվի զորամասի հրամանատարը, նույնիսկ այն դեպքերում երբ միջադեպի ժամանակ սպանվել են 5-6 զինվորներ: Անպատժելիության մթնոլորտը հենց սա է:
-Սա ավելի շատ հասարակությա՞ն խնդրին է, որ պետք է ավելի հետևողական և պահանջատեր լինել, թե՞ համապատասխան մարմինների:
– Սա կյանքի իրավունքի խնդիր է, և ուրեմն սրա համար պատասխանատու է ամբողջ հասարակությունը, բայց մենք տեսնում ենք միայն անտարբերություն կամ կեղծ հայրենասիրական արձագանքներ, թե բանակի մասին վատ խոսել չի կարելի: Բայց չէ՞ որ մահվան այդ դեպքերը իրական են, դրանք երիտասարդ տղաներ են և ոչ ոք, այդ թվում՝ պետությունը, իրավունք չունի որևէ մեկին զրկել կյանքից: Շատ զարմանալի է, որ մեր հասարակությունը չի արձագանքում զինծառայողների մահվան դեպքերի այս քանակին: Եվ ես դատապարտում եմ բոլոր կուսակցություններին, հասարակական կառույցներին, իշխանական վերնախավին` գերագույն գլխավոր հրամանատարի հետ միասին: Եթե այդքան սիրում եք ձեր բանակը պայքարեք, որպեսզի փրկեք մարդկային կյանքերը:
-«Ֆեյսբուք» սոցիալական ցանցը ամենազգայունն է այս առուով, այնտեղ առաջինն են քննարկվում բանակի դեպքերը, բայց այդ վիրտուալ դաշտից դուրս այդ նույն հանրությունը դուրս չի գալիս պայքարելու: Ըստ Ձեզ՝ սա՞ էլ է խնդիր:
-Քանի որ շատ վաղուց զբաղվում եմ զինծառայողների իրավունքների պաշտպանությամբ, պետք է նշեմ, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում միայն այս դեպքերը հայտնվեցին մամուլի ուշադրության կենտրոնում, սակայն այդպես էլ լրագրողական շրջանակներից դուրս չեկան: Ի դեպ, լրագրողները հիմնականում արձագանքում են հայտնի դարձած դեպքերին, իսկ հետո հետևողականություն չեն դրսևորում այդ ուղղությամբ:
-Ի նկատի ունեք իրավապաշտպաննե՞րը, հկ-նե՞րն էլ ակտիվ չեն այս գործերում:
-Այո, եզակի մարդիկ և հկ-ներ են զբաղվում այս շատ կարևոր խնդրով: Պետք է պայքարի ելնեն բոլորը, որովհետև շատ դեպքերում մենք տեսել ենք, որ պայքարն արդյունք է տալիս: Առաջնորդվելով կեղծ հայրենասիրական զգացումներով, թե բանակի մասին կամ լավ կամ ոչինչ, անտեսվում են մարդկային կյանքերը, քանդվում են ընտանիքներ, բայց, եթե մենք ապրում ենք ու խոսում ենք քաղաքացիական հասարակություն ձևավորելու և այլ սկզբունքների մասին, ապա առաջինը պետք է կարևորենք մարդուն: Ինձ համար առաջին հերթին բանակում ծառայող մարդն է, և հետո այդ մարդը հանուն հայրենիքի չի զրկվում կյանքից, այլ զոհ է գնում բանակում տիրող բռի բարքերին: Պետությունը գլխավորող անձը, զինվորական վերնախավը պարտավոր է այդ ընտանիքնրին բացատրություն տալ, թե ինչի համար են խլում իրենց զավակների կյանքը, որ իրավունքով: Բայց այդ բացատրությունը չկա ու հենց այստեղից է սկսվում անպատժելիությունը:
-Ինչպե՞ս պետք է պայքարել, կանխել այս ամենը, զինվորական վերնախավի՞ն առաջին հերթին պետք է փոխել:
– Եթե հիշում եք, մահվան այս դեպքերի կապակցությամբ բազմիցս բարձրացվեց Սեյրան Օհանյանի հրաժարականի հարցը, բայց անարդյունք: Նախարարը, ինչպես նաև գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը բանակում փոփոխությունները պատկերացնում են գրավոր տեքստերով, որոնք որևէ կապ չունեն իրականության հետ, իսկ փոփոխությունների պատասխանատուն հենց այս անձինք են:
-Կան հկ-ներ, հոգաբարձուների խորհուրդ` «Զինվորի մայր» և այլն, նրանք արդյոք չե՞ն համագործակցում իրավապաշտպանների հետ:
-Սրանք այն հկ-ներն են, որոնց ՊՆ-ի հետ համագործակցում են ընտրովիության սկզբունքով: Այսինքն ՊՆ-ն է ընտրում նրանց: Մենք երբեք չենք արժանացել ՊՆ-ի համակրանքին, թեև շատ ծանր աշխատանք ենք կատարում, և նրանց կողմից շատ հաճախ արձագանքը մեր աշխատանքի նկատմամբ բացասական է: Մենք ընդգրկված չենք ընտրված այդ ցուցակներում, չնայած որ աշխատում ենք բանակում իրավիճակը փոխելու համար խնդիրները վեր հանելով: Մեր կազմակեպությունը այս պահին շուրջ երկու տասնյակ զինծառայողների իրավուքների պաշտպանությամբ է զբաղվում և տիրապետում է այն աշխատանքին, ինչ անում է: Մենք լրջորեն ենք հետևում գործերի ընթացքին, և ընտրել ենք այն քրեական գործերը, որոնք խիստ կասկածահարույց են՝ որպես ինքնասպանություններ: Մենք տուժված անձանց իրավունքներն ենք պաշտպանում, նրանց իրավաբանական օգնություն ենք ցույց տալիս և այլն:
Ձեր նշած կազմակերպությունները ոչ միայն վայելում են ՊՆ-ի համակրանքը: Նրանցից շատերը ի սկզբանե փորձում են հենց սկզբից կանխել ծնողների բողոքը: Բոլոր այն գործերը, որոնք ուսումնասիրում ենք, ցույց են տալիս, որ թիրախը շարքային զինծառայողն է: Նա է պատասխանատվության ենթարկվում և նրան են սպանում: Մի շատ կարևոր նկատառում ևս. հաճախ այցելելով տուժած ընտանիքներին և լինելով Հայաստանի տարբեր բնակավայրերում, մենք տեսնում ենք, որ մարդկանց մոտ մեծանում է դժգոհությունն ու բացասական վերաբերմունքը բանակի նկատմամբ, եթե չասենք ատելությունը: Վերջին տարիներին երբևիցե չեմ տեսել այսպիսի նեգատիվ վերաբերմունք բանակի հանդեպ, ինչպես հիմա է: Սրա մասին պետք է մտածեն պատասխանատուները: Պետք է նկատել, որ զոհերը, հիմնականում սոցիալապես ծանր պայմաններում ապրող և ցածր իրավագիտակցություն ունեցող մարդիկ են, որոնք հնարավորություն չունեն փաստաբան վարձել կամ զբավել գործի քննությամբ: Եթե նկատում եք, արտագաղթողներից շատերի հիմնական նպատակը իրենց տղաներին բանակից փախցնելն է:
– Ժա՛ննա, յոթ ամիս առաջ պատահաբար հանդիպելով զոհված զինվորների ծնոնղերին, Սերժ Սարգսյանը խոստացել էր հետևողական լինել, բայց պարզվում է` սայլը տեղից չի շարժում:
-Նախ՝ Սերժ Սարգսյանը ոչ միայն ճաղավանդաներից այն կողմ չպետք է ընդուներ զոհված զինվորների ծողներին, այլ պետք է գլուխը խոնարհեր նրանց առջև: Այդ օրը նա համապատասխան ցուցում էր տվել նորանշանակ զինդատախազ Գևորգ Կոստանյանին, որ զբաղվի այդ գործերի բացահայտմամբ: Վերջինս ինչ-որ քայլեր ձեռնարկել է այդ ուղղությամբ, բայց էական տեղաշարժեր դեռևս չենք տեսնում: Զինդատախազը ժամանակի մտածողության կրողն է և իրենից կախված ամեն ինչ պետք է անի իրավիճակը շտկելու և սևազգեստ ծնողների բանակը նվազեցնելու համար:







































