Ապրիլի 16-ին ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնել է ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման` 73 օր տևողությամբ: Այդ ընթացքում նախատեսվում է իրականացնել ռեակտորի միջին վերանորոգում՝ ակտիվ գոտու մասնակի վերաբեռնմամբ, թիվ 4 և 5 գլխավոր շրջանառու պոմպերի հիմնանորոգում, թիվ 1 և 6 գլխավոր շրջանառու պոմպերի ընթացիկ վերանորոգում, թիվ 4 և 5 շոգեգեներատորների հիմնանորոգում, տուրբագեներատորների միջին վերանորոգում:
Այդ ընթացքում շարունակվելու են ակտիվ գոտու վթարային հովացման, հուսալի սնուցման և սպրինկլերային համակարգերի, ինչպես նաև տուրբինային տեղակայանքի օժանդակ համակարգերի արդիականացման աշխատանքները: Նախատեսվող աշխատանքներում ՀԱԷԿ-ի հիմնական արտադրամասերի աշխատակիցներից բացի ներգրավված են Ռուսաստանի Դաշնության, Խորվաթիայի, Սլովակիայի, Չեխիայի և այլ երկրների մասնագետներ, որոնք ատոմակայանների համակարգերի և սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեն:
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը նախատեսվում է ս/թ հունիսի 28-ին:
Այս առնչությամբ, «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Կանգնեցնելու ժամկետը կախված է նրանից, թե ինչ աշխատանքներ կան իրականացնելու կանգի ժամանակ: 45 օրով կանգնում է, երբ միայն վառելիքով են ապահովում, բայց դրանից բացի կան նաև այլ պլանավորած նորոգման աշխատանքներ, դրա համար էլ պետք է ատոմակայանը կանգ առներ: Այս 73 օրով կանգը նախատեսված է եղել նախազգուշական վերանորոգման համար»:
Անդրադառնալով նոր էներգաբլոկի կառուցման հնարավորություններին, և հարցին, թե որքանով է Հայաստանում իրականում դիտարկվում նոր բլոկի կառուցման անհրաժեշտությունը, մասնավորապես, խոսակցություններ կան, որ կարող է նոր կայան կառուցվել նաև Սյունիքում, Վահրամ Պետրոսյանն ասաց. «Սյունիքում ատոմակայանի կառուցումը ֆանտազիա է, այնպես չէ, որ ոնց ուզենաս, որտեղ ուզենաս ատոմակայան կառուցես: Այդտեղ կա ջրի հարց, սեյսմիկության հարց: Գործող ատոմակայանում նախատեսված էր այն ժամանակ երկրորդ հերթը կառուցել, դրա համար կար տարածք, շինհրապարակը բավականին ուսումնասիրված էր, կային շատ կոմունիկացիաներ: Եթե նոր կայան ես կառուցում, այդ կոմունիկացիաները պետք է կարողանաս օգտագործել՝ երկաթգիծ, ճանապարհներ, պահեստներ: Այդ բոլորը ատոմակայանում կա, իսկ այդ ամենը կառուցումը մեծ փողեր են ենթադրում: Դրա համար ատոմակայանը պետք է կառուցվի այնտեղ, որտեղ այդ կոմունիկացիաները կան, հատկապես, որ 3-րդ, 4-րդ բլոկների կառուցումը նախատեսված էր: Հիմա պետք է մտածել դրանք կառուցելու մասին:
Իսկ երբ կառուցել, ինչ կառուցել, դա դեռևս անհայտ է: Հիմա փորձ է արվում ճշտել, հասկանալ, դա հնարավոր է, թե հնարավոր չէ»:
Նա հավելեց, որ ամենակարևորը ֆինանսավորման հարցն է. «Տեսեք աշխարհում ինչ է կատարվում, թե Եվրոպայում, թե Ռուսաստանում, թե օվկիանոսից այն կողմ, այդ բոլորն ազդում են հնարավոր ֆինանսավորման վրա: Այնպես չէ, որ կարելի է հեշտությամբ վերցնել ու նոր ատոմակայան կառուցել: Ատոմակայանը նաև քաղաքականություն է, սա ևս պետք է հաշվի առնել:
Քանի դեռ չկա նոր ատոմակայանը, չենք կարող դրա անվտանգությունից խոսել: Դա կախված կլինի նրանից, թե ինչ ատոմակայան կունենանք: Գոյություն ունեն անվտանգության տարբեր մակարդակներ: Կախված նրանից, թե որը մեզ ձեռնտու կլինի կառուցել, ի՞նչ հզորությամբ կառուցելը ձեռնտու կլինի, նոր կարելի է խոսել անվտանգության մասին»,-ընդգծեց Պետրոսյանը:








































