Հայաստանի վարչապետի մոսկովյան պաշտոնական այցի արդյունքում ՌԴ նախագահ Պուտինի հետ համատեղ հայտարարությունն անդրադառնալով երկկողմ հարաբերության, ինչպես նաև միջազգային օրակարգի առնչվող լայն սպեկտրի, ներառում է նաև բավականին ուշագրավ դրույթ Ռուսաստանում հայկական սփյուռքի մասին: «Ն.Վ.Փաշինյանը և Վ.Վ.Պուտինը պայմանավորվեցին նպաստել Ռուսաստանում հայկական սփյուռքի և Հայաստանում ռուսաստանյան սփյուռքի ներուժի բացահայտմանը՝ երկկողմ մշակութային-հումանիտար կապերի ամրապնդման և երկու երկրների սոցիալական նշանակության նախաձեռնությունների իրականացման նպատակով: Ընդգծվեց սփյուռքի միավորումների գործունեության կարևորությունը տարբեր էթնիկ խմբերի միջև ազգամիջյան միասնության, ազգամիջյան համաձայնության և վստահության պահպանման և ամրապնդման առաջմղման համար», ասվում է հայտարարության մեջ: Այն, որ Ռուսաստանի հայկական սփյուռքն ունի իրապես շոշափելի ներուժ, կասկածից վեր է, ինչպես անկասկած է և այն, որ Հայաստանի համար կարևորագույն խնդիր է այդ ներուժի առավելագույն կապիտալիզացիան թե հայ-ռուսական երկկողմ հարաբերության, թե Հայաստանի ներքին զարգացման իմաստով:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի հայկական սփյուռքի ներուժի, կամ դրա այսպես ասած ակտիվ և ռեսուրսային առումով առավել ծավալուն հատվածի ներուժը այս տարիներին առավել շատ ծառայել է Ռուսաստանի հետաքրքրությունները և շահերը սպասարկելուն, առաջ մղելուն, ու այդ տրամաբանության շրջանակում էլ Հայաստանում կառավարած համակարգի հետ աշխատելուն: 2018-ից հետո իրավիճակն այդ իմաստով ենթարկվեց հայտնի քաղաքական փոփոխություններին, որ տեղի ունեցան Հայաստանում, սակայն դրանք մեծ հաշվով չեն հանգեցրել Ռուսաստանի հայկական սփյուռքի «ներուժի» գործունեության որակական փոփոխությունների: Դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանն օրինակ ունի այդ հարցում հետաքրքրություն: Ավելին, Մոսկվայի համար ներկայիս «որակները», որով Հայաստանի հանդեպ իր մոտեցումներում աչքի է ընկնում Ռուսաստանի հայկական սփյուռքի «ակտիվի» գերակշռող մասը, քաղաքականապես շահեկան են: Հետևաբար հարց է առաջանում, թե ինչ ներուժի «բացահայտման» մասին է համատեղ հայտարարության մեջ առկա ամրագրումը: Պատրա՞ստ է Մոսկվան քննարկել Ռուսաստանում հայկական սփյուռքի ներուժի վերափոխման ուղղությամբ քայլեր, գործողություններ, թե՞ պարզապես խոսքը եղած տրամաբանության ու որակների շրջանակում նոր «առաջադրանքների» մասին է:
Բանն այն է, որ, ելնելով ռուսաստանյան ներքին կառուցակարգերի, այդ պետության ներսում դրվածքի և հարաբերությունների բնույթից, անկասկած է, որ որևէ սփյուռքի գործունեության հարցում Ռուսաստանի կառավարման համակարգի վերաբերմունքը վճռորոշ գործոն է: Կարո՞ղ է փոխվել այդ վերաբերմունքը մասնավորապես հայկական սփյուռքի հարցում, թե՞ այդուհանդերձ հենց հայկական սփյուռքի ներսում պետք է տեղի ունենան շոշափելի փոփոխություններ, որոնք մի կողմից կլինեն այնպիսին, որ քաղաքական մտավախությունների, կասկածների, վախերի տեղիք չեն տա Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը՝ առաջացնելով այդ փոփոխությունների հանդեպ ագրեսիվ մերժողականություն, մյուս կողմից նաև իրենց իրենց ընթացքով ու արդյունքով կարող են դառնալ Ռուսաստանում քաղաքական նոր մոտեցումների ձևավորման հնարավորություն: Այդ իմաստով, հույժ կարևոր է աշխատանքը հենց ներհայկական շրջանակում: Այն, որ Ռուսաստանի հայկական սփյուռքն ունի որակապես այլ, արդիական մտածողության և ժամանակակից իրողություններին համարժեք ներուժ, կասկածից վեր է, բայց հարցն այն է, թե որքանով է այդ ներուժը ունակ ինքնակազմակերպման և այդպիսով նոր գործոն ձևավորելուն, որի համար խնդիր պետք է լինի իհարկե ոչ միայն ռուսական կառավարման համակարգի հետ «դիմակայության» տրամաբանությունից խուսափելը՝ ավելորդ խոչընդոտներ չհարուցելու համար, այլ նաև հենց ռուսահայ սփյուռքի այն շրջանակների հետ «բախումից» խուսափելը, որոնք ներկայումս «տնօրինում» են Ռուսաստանի հայկական սփյուռքի «ներուժը»: Այդ ամենից զատ, ուշադրության է արժանի համատեղ հայտարարության դրույթի այն մասը, որտեղ խոսվում է այն մասին, որ՝ «ընդգծվեց սփյուռքի միավորումների գործունեության կարևորությունը տարբեր էթնիկ խմբերի միջև ազգամիջյան միասնության, ազգամիջյան համաձայնության և վստահության պահպանման և ամրապնդման առաջմղման համար »: Ինչի՞ մասին է խոսքը, արդյո՞ք Ռուսաստանը հայկական սփյուռքը դիտարկում է հայ-ադրբեջանական խնդրի «կառավարման» գործիք: Իսկ նո՞ւյնն է Մոսկվայի մոտեցումն ադրբեջանական սփյուռքի «ներուժի» հանդեպ:







































