Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայր Արման Բաղդասարյանը վայր է դրել մանդատը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում անդամակցությունը դադարեցնելու դիմում գրել։ Վերջինս մանդատը վայր դնելը պարզաբանել է հետևյալ կերպ. «Որպեսզի զերծ մնանք տարբեր շահարկումներից, չբանալով շատ փակագծեր, ներկայացնեմ ձեզ իմ դիմումների ընդհանուր պատճառը։ Ըստ իս՝ մենք ձախողում ենք քաղաքի կառավարումը, ուստի ես ընդունում եմ մեղքի իմ բաժինը և կրում պատասխանատվություն իմ մասով։ Համապատասխան դիմումը ներկայացրել եմ վարչության նախագահի անունով։ Թե ինչ կորոշի վարչությունը հավելյալ կտեղեկացնեմ։ Անկախ զարգացումներից ինքս մնացել եմ հեղափոխության գաղափարների ու արժեքների կրողը»:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց. «Միգուցե Արման Բաղդասարյանն չլինի ավագանու անդամ, բոլոր հարցերը լուծվե՞ն»,-ասաց նա:
Հարցին՝ արդյոք Ձեր քայլը ստվեր չի գցո՞ւմ Նազելի Բաղդասարյանի աշխատանքի վրա, նա նշեց, որ ոչ, սպեկուլյացիա և խայծ է, ուզում են հնչեղություն տալ: Նա նշեց, որ Նազելի Բաղդասարյանը 2009թվականին ամուսնացել է, առանձին է ապրում, իր ընտանիքն ունի, իր հոգսերն ու խնդիրները.
«Նա իմ քույր է, բայց պրոֆեսիոնալ գործունեության մեջ մենք քույր-եղբայր հարաբերությունների հարթության վրա չենք շփվում: Կարելի է ասել, որ մենք կուսակցական ընկերներ ենք, և իր հետ ընդհանրապես կապ չունի այս հարցը»,-ասաց ավագանու նախկին անդամը:
Դիտարկմանը, որ գուցե պետք էր մնալ և աշխատել քաղաքական թիմի հետ, Բաղդասարյանը նշեց.«Կուսակցության վարչության պատասխանին եմ սպասում, որովհետև անկախ ամեն ինչից՝ ես նախևառաջ պատասխանատվություն եմ կրում մեր համաքաղաքացիների առաջ և հետո նոր քաղաքական թիմի: Եվ եթե իքս- իգրեկ հարցերում ունենք ձախողում, այնպես չէ, որ ձախողել ենք, ձախողել ենք իքս-իգրեկ հարցերում: Ես պատրաստ եմ, որ կուսակցությունից ինձ կհեռացնեն, քանի որ վստահել են մեզ, բայց մենք չենք արդարացրել: Սա իմ տեսակետն է, միգուցե ավագանու անդամ չլինի Արման Բաղդասարյանը և իդեալական աշխատե՞ն»:
Հարցին՝ արդյոք Նազելի Բաղդասարյանը չի փորձե՞լ հետ պահել եղբորը այս որոշումից, նշեց, որ իր քաղաքացիական ճանապարհը շատ ավելի շուտ է սկսվել, քան իր քույրը մտել է քաղաքականություն:
«Ես 2011-2012-ից եմ սկսել: Ինքն իր մասով խոսեց, բայց այդպիսի խոսակցություն չենք ունեցել, երկուսս էլ հասուն մարդիկ ենք, բնականաբար, ափսոսանք կար իր կողմից: Բացի այդ, ես նշել եմ, որ մնում եմ հեղափոխության արժեքների և գաղափարների կրող: Ես չեմ հեռանում, մնում եմ քաղաքում, տեղս էլ բոլորը գիտեն, եթե ինչ-որ հարցերում կարող եմ, պատրաստ եմ օգնել, օժանդակել»:
Սա, նրա խոսքով, մեկ օրվա որոշում չէ.«Այնպես չէ, որ չեմ քնել- արթնացել ու նման որոշում կայացրել: «Քաղաքական թիմն ավելի մանրամասն գիտի դեպքերի զարգացումները»,-նշեց Արման Բաղդասարյանը:










































