Կենտրոնական բանկը նվազեցրել է Հայաստանի 2022 թվականի տարեկան տնտեսական աճի կանխատեսումը, 5,3 տոկոսից իջեցնելով այն 1,6 տոկոսի: Իհարկե տարվա ընթացքում հնարավոր են փոփոխություններ և կախված տնտեսական ներքին ու արտաքին միջավայրային գործոններից, կարող է փոխվել աճի կանխատեսումը, կամ անգամ կանխատեսման փոփոխություն չլինելու պարագայում էլ տնտեսական աճի իրական ցուցանիշը կարող է ստացվել այլ: Միևնույն ժամանակ, այդ ամենը կարող է հանել թե վեր, թե իջեցնել ավելի ցած, ընդհուպ զրոյական մակարդակի կամ նույնիսկ որոշակի անկման:
Բոլոր դեպքերում, ահա այն, ինչ այսօր պետք է լինի հայկական և հայաստանյան օրակարգի գլխավոր հարցը՝ տնտեսական ռիսկերն ու տնտեսական աճի խնդիրը, որ սրությամբ առաջանում է Ուկրաինայի Ռուսաստանի ներխուժման հետևանքով առաջացած նոր իրավիճակում, երբ ՌԴ հանդեպ կիրառվում են լայնամասշտաբ և խորքային պատժամիջոցներ, ինչը բացի ռուսական տնտեսությանը ահռելի հարված հասցնելուց, նաև խնդիրներ է ստեղծում համաշխարհային տնտեսության համար, առնվազն սպասումների լարվածության և էներգակիրների գնաճի տեսքով: Իսկ էներգակիրների գնաճը համակարգային գործոն է, ենթակառուցվածքային հետևանքների ամբողջ շղթայով: Անշուշտ կան ճգնաժամային իրավիճակում նշմարվող հնարավորություններ, մասնավորապես Ռուսաստան-Արևմուտք որոշակի բիզնես հաղորդուղու դերակատարման համատեքստում, բայց ռիսկերն ու սպառնալիքները առնվազն կարճաժանկետում անկասկած առավել մեծ են, հետևաբար Հայաստանի գերագույն խնդիրն այսօր տնտեսական կարողությունների հարցն է:
Ի վերջո, դրանից են ածանցվելու նաև պաշտպանական և արտաքին քաղաքական, դիվանագիտական հնարավորություններն ու ներուժը: Այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ է թե Հայաստանում, թե սփյուռքում տնտեսական ներուժի մոբիլիզացիա, համատեղ լուծումներ գտնելու համար, քանի որ կորոնավիրուսային, հետո նաև ծանր պատերազմի հետևանքով շոկի ենթարկված և 2021 թվականին դրա հաղթահարման առաջին քայլերն անող Հայաստանի տնտեսության համար հույժ կարևոր է վերականգնման կայունությունը պահպանելը: Հակառակ դեպքում հետևանքը լինելու է ոչ միայն տնտեսության և դրանից ածանցվող պետական ու հանրային կենսագործունեության այլ կարևոր ուղղությունների, այլ նաև հանրային հոգեբանության վրա, որը ևս՝ նոր նոր է կատարում պատերազմի ծանր հետևանքից վերականգնվելու առաջին քայլերը:
Լուսանկարը՝ panorama.am-ի








































