Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշում է, որ այս պահին դեռևս 38 գերիներ մնում են Ադրբեջանում, սակայն կան ևս 80 գերիներ, որոնց գոյությունը Ադրբեջանը չի հաստատում։ Փաստորեն, 80 գերիների ճակատագիրն անորոշության մեջ է։
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նախ պետք է պարզել՝ Ադրբեջանը չի ընդունում, որ նրանք գերի են, բայց ընդունո՞ւմ է, որ նրանք իր մոտ են, թե ընդհանրապես չի ընդունում, որ այդ մարդիկ իր իրավազորության տակ են։ Ղազարյանը նշեց, որ պետության ներկայացուցիչը զբաղվում է այդ ուղղությամբ ՄԻԵԴ-ում, մասամբ նաև Հաագայի դատարանում այդ վարույթը նույնպես ներառում է։
«Ամենաշատը Հայաստանը կարող է հասնել նրան, որ այդ մարդիկ ճանաչվեն անհետ կորածներ, որի դեպքում պատասխանատվությունը ընկնում է Ադրբեջանի վրա, որովհետև կան տվյալներ, որոնք նրանք գտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Եվ եթե այդ տվյալները հավաստի են, ապա պատասխանատվությունը ընկնում է Ադրեբջանի վրա, որովհետև այդ անհետ կորածները, ամենայն հավանականությամբ, մահացած են։ Խոսքը նրանց մասին է, որ Ադրբեջանը չի էլ ընդունում, որ նրանք իր իրավազորության տակ են, մի մասին չի էլ ընդունում, որ նրանք գերի են, դրա համար էլ դատում է»,-ասաց Ղազարյանը։
Նա նշեց, որ եթե փաստաբանները բարձրացնում են այդ հարցը, ուրեմն ունեն փաստական տվյալներ, պարզապես եթե ունեն այդ տվյալները, հարցն այն է, թե որքանով է դա հավաստի, որովհետև դրանից կախված է, թե արդյոք ՄԻԵԴ-ը կընդունի կամ կմերժի դրանք:
«Եթե հավաստի լինեն, որքան էլ ժամանակ անցնի, դատարանը կարձանագրի կյանքի իրավունքի խախտում, որպես անհետ կորած: Այսինքն՝ ամեն ինչ կախված է այդ փաստի հավաստի լինելու աստիճանից»,-ասաց միջազգային իրավունքի մասնագետը:
Հարցին՝ միջազգային ջանքերը արդյոք իրենց արդյունքը տալի՞ս են գերիների վերադարձի հարցում, արդյոք մենք ունե՞նք բացթողումներ այս հարցում, Ղազարյանը նշեց, որ պետք է հստակ իմանալ, թե ինչպես են բաց թողնում գերիներին, ինչի արդյունքում․ «Այս պահի դրությամբ դժվարանում եմ ասել՝ ինչ-որ բացթողում եղել է, թե ոչ: Որպես իրավական գործընթաց՝ ես բացթողում չեմ տեսնում: Ես չունեմ կոնկրետ փաստ, որ մատնացույց անեմ ու ասեմ՝ այ, կարող էին օգտագործել այս հանգամանքը, բայց չեն օգտագործել»։
Նա նաև նշեց, որ արդեն խախտում է, որ 38 գերիները մինչև հիմա չեն վերադարձվել, որովհետև միջազգային իրավունքն ասում է, որ նրանք պետք է անհապաղ վերադարձվեն ռազմական գործողությունների ավարտից հետո:
«Այսինքն՝ եթե նրանք ընդունում են, որ այդ մարդիկ ռազմագերի են, Ադրբեջանը վաղ թե ուշ վերադարձնելու է: Առավել խնդրահարույց են այն դեպքերը, երբ Ադրբեջանը չի ընդունում, որ իր իրավազության տակ են, նրանք անհետ կորած են համարվում»,-հավելեց Ղազարյանը:









































