Առողջապահության բնագավառում համագործակցության հնարավոր ուղղություններին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ռուսական «Աֆինա Պալլադա» հոլդինգի «Նովեկ Գրուպ» ընկերության տնօրեն Ժիրայր Էպոյանի հանդիպման ժամանակ: Առողջապահության ոլորտում կարևորելով ժամանակակից բուժծառայությունների մատուցման անհրաժեշտությունը, Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Երևանն այսօր նպաստավոր մեծ դաշտ է ապահովում ներդրումների համար և, ցանկացած կառուցողական առաջարկի դեպքում, քաղաքապետարանը պատրաստ է համագործակցության:
«Նովեկ Գրուպ»-ի ղեկավարն իր հերթին քաղաքապետին է ներկայացրել իրենց ընկերության մոտեցումներն այս հարցում, և ընդգծել, որ ընկերությունը պատրաստ է գերժամանակակից կլինիկական ծառայությունների մատուցման բնագավառում Երևանում ներդրումներ կատարել: Այս համատեքստում «Նովեկ Գրուպ» ընկերությունը ցանկություն է հայտնել համատեղ ձեռնարկություններ ստեղծել «Սրտաբանություն» գիտահետազոտական ինստիտուտի և «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի հիվանդանոցային համալիրի հետ:
Առաջարկվող ներդրումային ծրագրի շրջանակում առաջիկա 5 տարիներին կիրականացվեն մասնաշենքերի հիմնանորոգման, տեղեկատվական ավտոմատացված համակարգերի ներդրման, նոր բաժանմունքների ստեղծման, տեխնիկական վերազինման և մի շարք այլ աշխատանքներ: Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն` «Նովեկ Գրուպ» ընկերությունն առաջիկայում կներկայացնի առաջարկների փաթեթ, որում հստակեցված կլինեն ներդրումային ծրագրի բաղադրիչները` իրականացման հստակ ժամանակացույցով:









































