
«Առաջին լրատվականը» զրուցել է ՄԱՀՀԻ-ի ասոցացված փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանի հետ
– Ծնելիության մակարդակն ինչպե՞ս եք գնահատում: Կարո՞ղ ենք գնահատել՝ ինչպես են ազդել հետպատերազմյան և համավարակի առաջացրած բացասական հետևանքները: Ո՞րն է հիմնական պատճառը, որ ամռան և աշնան ամիսներին քիչ թվով ծնունդներ են գրանցվել, մինչդեռ 2021թ–ի առաջին կիսամյակում շուրջ 9 տոկոս ծնելիության աճ ենք ունեցել 2020թ–ի համեմատ:
2021 թվականի մարտ-մայիս ամիսներին արձանագրված ծնունդների թվաքանակի վրա հնարավոր ազդեցության գործոններից պետք է նշել այն ժողովրդագրական նոր ծրագրերը, որոնք մեկնարկեցին 2020 թվականի հուլիսի 1-ից։ 2019 թվականից իրականացվող քաղաքականության հիմքում դրված էր այն սկզբունքը, որ նախորդ ժամանակահատվածում առկա է ծնունդների հետաձգման միտում, որը տեղի չի ունենում նաև ոչ բավարար ֆինանսական աջակցության հետևանքով։ Ըստ այդմ` 2021 թվականի հուլիսի 1-ից բարձրացվեցին 1-ին և 2-րդ երեխայի համար նախատեսված միանվագ դրամական նպաստները՝ 50 և 150 հազարից դարձնելով 300 հազար դրամ, խնամքի նպաստը նախկին 18 հազարի փոխարեն սահմանվեց 26 հազար 500 դրամ։ Ի լրումն այդ փոփոխությունների ընդլյանվեց երեխայի խնամքի նպաստի ծածկույթը և այդ նպաստի տեսակից սկսեցին օգտվել գյուղական բնակավայրերում վարձու աշխատող չհանդիսացող մայրերը։ Համաձայն փորձագիտական գնահատականների, նպաստների առաջարկվող մոդելը էական դրական ազդեցություն պետք է ունենար հատկապես գյուղական բնակավայրերում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ շոշափելի աջակցություն է տրամադրվում արդեն 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան դեպքում (ներառյալ խնամքի նպաստը):
Սակայն 2021 թվականի հուլիս ամսից ծնունդների թիվը սկսեց նվազել։ Պետք է նշել, որ վերջին տասնամյակի վերլուծությունները փաստում են, որ տարվա 2-րդ կիսամյակում արձանագրված ծնունդների թիվը գերազանցում է 1-ին կիսամյակի ցուցանիշը (2016 թվական` 20.6, 2017 թվական՝ 19.5, 2018 թվական՝ 25.9, 2019 թվական՝ 23.7, 2020 թվականին՝ 28.7 տոկոսով)։ Եվ 2021 թվականից արձանագրված ծնունդների թվի անկումը կապված է այլ իրողությունների հետ, որոնցից հատկանշական է Արցախյան երկրորդ պատերազմի թեժ փուլի՝ 2020 թվականի հոկտեմբեր ամիսը և նույն թվականի նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրի և դրան հաջորդած գործընթացները (լարված ներքաղաքական իրավիճակ, նոր սահմանների առկայություն, հոգեբանական ծանր վիճակ, սոցիալ-տնտեսական իրավիճակի վատացում և այլն):
2021 թվականի հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների թիվը նվազել է 20, 2019 թվականի համեմատ՝ 13.1, 2018 թվականի համեմատ՝ 14.1 տոկոսով։ 2021 թվականի օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների թիվը նվազել է 3.2, սեպտեմբերին՝ 9, իսկ հոկտեմբերին՝ 3.3 տոկոսով։ Սա կարելի է համարել պատերազմի ուղղակի ազդեցությունը ծնելիության վրա, թեև կորոնավիրուսի ազդեցությունը անուղղակի հետք է թողնել ժողովրդագրական գործընթացների վրա, որն արտահայտվում է սոցիալական ոչ բարվոք իրավիճակով՝ պայմանավորված գնաճային բարձր զարգացումներով և առաջնային ապրանքների շեշտակի թանկացմամբ։
–Ի՞նչ կանխատեսումներ կան 2022-ի համար և ի՞նչ ծրագրեր են նախաատեսվում:
-Ինչպես արդեն վերևում նշեցի, այս տարվա հուլիսից արձանագրված ծնելիության նվազումը շարունակվել է մինչև սեպտեմբեր ամիսը, բայց միայն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ամփոփումից հետո միայն պարզ կլինի՝այս նվազումը կարճաժամկետ գործընթաց է, թե՞ ավելի շարունակական ծնունդների նվազման երկարատև պրոցեսի հետ գործ ունենք՝պայմանավորված վերարտադրողական տարիքի մարդկանց քանակի նվազման փուլով: 2021 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանում արձանագրված 14473 ամուսնությունների դեպքերը վկայում են (2020 թվականի առաջին 10 ամիսներ՝ 9953, 2019 թվական՝ 13016 ամուսնության դեպք), որ 2020 թվականին սահմանափակումների և պատերազմի հետևանքով հետաձգված ամուսնությունները տեղի են ունեցել 2021 թվականին։ 2020 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ամուսնությունների թիվն աճել է 45.4 տոկոսով կամ 4520 դեպքով։ Այստեղ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ 2021 թվականին արձանագրվել են նաև ոչ թե փաստացի տեղի ունեցած ամուսնությունների, այլ նախորդ տարվա հետաձգված ամուսնության փաստաթղթային ձևակերպումներ։
Միաժամանակ, 2021 թվականին արձանագրված ամուսնության դեպքերը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճի ավելի համեստ ցուցանիշ են արձանագրել՝ 11.2 տոկոս կամ 1457 դեպք։ Փաստացի կարելի է ենթադրել, որ 2020 թվականին կորոնավիրուսի համավարակի և պատերազմի բացակայության դեպքում այդ ժամանակահատվածում նախատեսված բոլոր ամուսնությունների տեղի ունենալու պարագայում, 2021 թվականին հնարավոր է արձանագրվեր ամուսնությունների թվաքանակի նվազում։ Գործընթացը տրամաբանական է, քանի որ ամուսնական ակտիվ տարիք մուտք գործող վերարտադրողական տարիքի մարդկանց թիվը գնալով սահմանափակվում է՝ (2020 թվականին առաջին անգամ ամուսնացողների միջին տարիքը տղամարդիկ՝ 30.5, կանայք՝ 27.1) կապված նախորդ դարի 1990-ականների և 2000-ականների սկզբների ծնվածների փոքրաքանակ սերունդների մուտքով։ Ակնհայտ է, որ այս երևույթը՝ վերարտադրողական տարիքի մուտքի և ելքի բացասական շեղման բերումով, ինչպես նաև բնակչության այդ մասի թվաքանակի հետագա կրճատումը շարունակելու է մոտակա ժամանակահատվածում ներգործել ինչպես ամուսնությունների, այնպես էլ ծնվողների բացարձակ թվի նվազման վրա:
Այս ամենը նշանակում է, որ ծնվող առաջնեկների թիվը նվազելու է: Հաշվի առնելով իրավիճակը՝ պետությունը 3-րդ և հաջորդ երեխաների ծնունդը խթանող ծրագիր է մշակել՝ սահմանելով ամսական 50 հազար դրամ մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։ Այսպիսով պետությունը փորձում է առաջնեկների ծնունդի նվազումը լրացնել երրորդ և հաջորդ երեխաների ծնունդով: Դեռևս երկրորդ երեխայի խթանման կոնկրետ ծրագիր չկա, բայց կարծում եմ մոտակա տարիներին դրա անհրաժեշտությունը ևս կառաջանա։ Ընդհանուր առմամբ այժմ անցումային փուլում ենք և 2022-ից պարզ կդառնա՝մենք գնում ենք անկման փուլ, թե՞ սա դեռևս հետպատերազմյան ճգնաժամի և կորոնավարակի հետևանք է, թեև ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կորոնավարակը վերարտադրողական վարքագծի վրա էական ազդեցություն չի գործել։ Մյուս կողմից՝ գիտնականների հավաստմամբ՝ կորոնավիրուսը թևակոխում է մարման էտապ, թեև նրա հարուցած սոցիալ-տնտեսական դժվարությունները դեռևս մի քանի տարի չեն հաղթահարվի։ Մյուս կողմից մեզ մոտ զգալի է նաև անվտանգային խնդիրների, ներքին և արտաքին սպառանալիքների և անկայունության բացասական ազդեցությունը, արտագաղթի վտանգը:
Հետևաբար ժամանակը ցույց կտա՝ ինչպիսի ազդեցություն կունենան այս փափոխությունները վերարտադրողական գործընթացի վրա և նոր միայն կարող ենք հստակ եզրահանգումների հանգել։