«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը։
–Պարոն Մալխասյան, ութերորդ գումարման Ազգային ժողովը սկսել է իր աշխատանքները ու մենք ականատես ենք լինում, թե ինչ մթնոլորտում է անցնում ԱԺ նիստերը, ինչ ելույթներ են հնչում, ինչ հռետորաբանություն է ընտրված։ Հետևո՞ւմ եք այդ ամենին, ինչ դիտարկումներ ունեք։
-Հիշում եք, մենք նախընտրական քարոզարշավի ժամանակ ասում էինք, որ իշխանության որակը որոշվում է ժողովրդի որակով։ Մենք հազար անգամ զգուշացրեցինք, որ եթե ճիշտ ուժեր չտարվեն Ազգային ժողով, ինչ է լինելու։ Մեր առաջնորդն էր ասում՝ ողջախոհության կրակը իսպառ կմարի։ Հիմա դրանք իրենց հայտարարում են, որ ժողովրդի ընտրյալն են, բայց իրականում ժողովրդի թերմանցքն են, կարելի է ասել՝ ժողովրդի տականքը։ Լուրջ , հայրենասեր մարդը, պետության հոգսերով, ցավերով ապրող մարդը չի կարող իրեն այդպես դրսևորել, ինչպես իրենք են դրսևորում։ Ազգային ժողովում տեղի է ունենում քրեական ռազբորկաներ, խուժանություն մեր կյանքը կարգավորող օրենքներ մշակելու փոխարեն։ Պետության առաջ լրջագույն խնդիրներ են ծառացել։ Ամեն րոպեն, ամեն վայրկյանը թանկ է, բայց դրանք նստած գողական ռազբիրատ են անում՝ հողատուն դու ես, չէ դու ես, , խուժանը դու ես, չէ դու ես։ Ծաղրանկար է։ Սևակն ասում էր՝ չկա արդեն պետ ու պետություն, ծաղրանկար է արդեն։ Սա ծաղրանկար է ու բոլորը դերեր են խաղում։ Խուժանություն։ Բայց ես ասեմ, որ այս Ազգային ժողովը չի կարող երկար գոյատևել։ Սա երկար չի ձգի, որովհետև ռևանշիստները մտել են Ազգային ժողով մենակ մի նպատակով, որ ներսից տապալեն իշխանությունը, ներսից պայթեցնեն իշխանությունը։
–Դուք նման ռի՞սկ եք տեսնում։
-Այո։ Նիկոլ Փաշինյանի խորհրդատուները, որ նրան խորհուրդ տվեցին այդ առանձնապես ծանր հանցագործներին բերել Ազգային ժողով, կտեսնեն դրա հետևանքները։ Քաղաքականության մեջ կանոն կա՝ դատիր, որ չդատվես։ Նիկոլը դրանց չդատեց, բայց հիմա սրանք եկել են Նիկոլին դատելու։ Եվ կդատեն, և կպատժեն բոլոր ձևերով։ Էն ժամանակ Վազգենին մոտիկ մարդիկ զգուշացնում էին, ասում էին քեզանից վրեժ են լուծելու։ Ինքը ծիծաղում էր, ասում էր՝ հիմար -հիմար բաներ եք խոսում։ Բայց տեսաք ինչ եղավ Վազգենի հետ։ Վազգենը երկու անգամ Քոչարյանին գցել էր գետնին , քացու տակ ծեծում էր։ Մի անգամ էլ ուզեցել էր փախնել Ղարաբաղ՝ ճանապարհին էր բռնել ծեծել։ Քոչարյանը գլուխը բռնել ձայն չէր հանում։ Բայց նա այնքան հանդուրժեց-հանդուրժեց, որ անցավ Վազգենի թիկունքը ու վերացրեց պրծավ նրանից։ Հիմա նույնը սրանք են անելու։ Սա խուժանություն է և մեր ժողովրդի առողջ հատվածն աստիճանաբար կվերադաստիրակվի , խելքի կգա ու կհասկանա, որ սա իր սերուցքը չի, իր իղձերն ու նպատակները, պետության առաջընթաց ապահովող մարդիկ չեն սրանք։ Սրանք խեղկատակներ են։
–Պարոն Մալխասյան, բայց մենք տեսնում ենք, որ իշխանությունը՝ մասնավորապես իշխանական խմբակցությունը տուրք է տալիս ընդդիմության սադրանքներին , իջնում է նրանց մակարդակին, նույն լեզվով պատասխանում է նրանց։ Այս իրավիճակում ավելին սպասել կարծես հնարավոր չէ։
-Բա նրանք են ծնել սրանց։ Հիմա էլ սրանք եկել կոկորդներից բռնել թափ են տալիս։ Ու իբրև թե սա երկրի թիվ մեկ քաղաքական մարմինն է։ Թիվ մեկ մարմինը խայտառակության մեջ է ու իրենք այդպես առաջ չեն կարող շարժվել։ Կարող են մի քիչ էլ ժամանակը քարշ տալ մի կես տարի, մի տարի, բայց էս տեմպով, էս հռետորաբանությամբ, էս մոտեցումներով Ազգային ժողովը երկար կյանք չի ունենա։
–Ի՞նչ է լինելու։ Ի՞նչը կարող է հանգեցնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների։
-Ժողովուրդը կպահանջի, որ այս Ազգային ժողովը լուծարվի։ Զավեշտն այն է, որ միշտ ընդդիմությունն է հեղափոխություն անում իշխանությանը փոխելու համար, բայց հիմա ժողովուրդը պետք է հեղափոխություն անի, որ ընդդիմությանը փոխի։ Այսինքն հեղափոխություն պետք է լինի ընդդիմության դեմ։
–Ընդդիմության գործողությունները, ընտրած տակտիկան միտումնավո՞ր է, թե դա է իրենց դեմքը, էությունը։
-Այո, նրանք ամեն ինչ անում են միտումնավոր, ծրագրավորված։ Նրանք մտել են, որ ամեն ինչ փչացնեն, այլանդակեն, խաթարեն, խեղեն։ Իրենց ձեռագիրն է դա։ Իրենք եկել են իրենց չարությունը լիցքաթափելու համար։ Նրանք դրա համար են մտել Ազգային ժողով։ Նրանք վրեժ են լուծում Փաշինյանից և եթե Փաշինյանը լուրջ քայլեր չձեռնարկի, կուռ համակարգ չկարողանա ձևավորել, ապա իրենք Փաշինյանին կտապալեն։
–Ի՞նչ քայլերի մասին է խոսքը։ Ի՞նչ կարող է անել Փաշինյնաը։
-Ասում եմ՝ կուռ համակարգ ձևավորի, որը կկարողանա, թույլ կտա աջ ձեռքին իմանալ, թե ձախ ձեռքը ինչ է անում։ Ճիշտ օրենքներ մշակի, որը թույլ կտա էս խուլիգաններից ազատվել։ Իշխանության ձեռքն է ամեն ինչ։ Ընկույզն էլ, մուրճն էլ իրենց ձեռքում է։ Բայց իշխանությունը չի կարողանում մուրճով ընկույզ կոտրել։ Դիլետանտ, իրենց գործը չհասկացող մարդկանց համակարգ լցնելը սխալ էր։ Այդ մարդկանցով լցված համակարգը երբեք չի աշխատի։ Քոչարյանասերժական կլանի 80 տոկոսը դեռ իշխանության տարբեր օղակներում պաշտոններ ու աշխատանք ունեն։ Բա երեք տարին բավարար չէ՞ր այդ խուժաններից ազատվելու համար։ Ինչ ցանել են, այն էլ հիմա հավաքում են։ Խուժանները ներքին, միջին օղակներում աշխատում են իր դեմ, իսկ Նիկոլը ոչ մի բան չի կարողանում անել։ Կամք ունի, բայց կադրեր չունի նրանց փոխարինելու համար։
–Ներքին գզվրտոցին զուգահեռ սահմանային իրավիճակը ոչ մի կերպ չի հանդարտվում, գրեթե ամեն օր Ադրբեջանը նոր ոտնձգություններ է թույլ տալիս Հայաստանի սահմանի նկատմամբ, կրակոցներ են հնչում։ Ներքաղաքական այս իրավիճակում հնարավո՞ր է կենտրոնանալ արտաքին հարցերի վրա։
–Ոչ, իհարկե։ Արտաքինը ներքին վիճակների հայելին է։ Եթե մենք ներսում չենք կարողանում ամեն ինչ դնել իր տեղը, ստեղծել հավասարակշիռ վիճակ, բնական է, որ արտաքին ճակատում մենք հաջողություններ չենք ունենա։ Բայց ունենք այն, ինչ ունենք։









































