Նախօրեին Արցախում ցուցարարները պահանջում էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Երեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձով հանդես եկավ: Նա նշեց, որ հիմարություն կլինի մտածել, թե ինքը հաճույք է ստանում ներկա իրավիճակից, որ ինքը կառչած չէ աթոռից։
«Ամենևին ո՛չ։ Ես, պարզապես ինձ պատասխանատու եմ զգում մեր սերունդների և հաջորդ սերունդների առջև, այնքան պատասխանատու, որ հանկարծ իմ հուզական և անհեռատես փախուստով չկործանեմ մեր պետականությունը։ Ես փախչող տեսակ չեմ»,-ասաց Հարությունյանը: Նա նաև նշեց, որ պատրաստ է հրաժարական տալու, երբ հանրապետությունը ներքին և արտաքին մարտահրավերների պայմաններում և սահմանադրական կարգավորումների առումով պատրաստ լինի պատշաճորեն և արժանապատվորեն հաղթահարելու այն:
«Ողջամիտ ժամկետներում Արցախում համապետական ընտրություններ են լինելու, չեմ առաջադրվելու և դուրս եմ գալու քաղաքականությունից»,-հայտարարեց ԱՀ նախագահը: Իսկ մինչ այդ Արայիկ Հարությունյանն առաջիկա օրերին քաղաքական և հանրային կոնսուլտացիաներ կսկսի հարցի շուրջ, թե արդյոք Արցախը պատրա՞ստ է խորհրդարանական և նախագահական ընտրություններին:
Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահրամ Բալայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Արայիկ Հարությունյանի ուղերձին, նշեց, որ Արցախում Դաշնակցությունը պատրաստ է նստելու, խոսելու, քննարկելու այս իրավիճակից ելքը:
Հարցին՝ արդյոք իրատեսական է այս պահին Արցախում ընտրություններ անցկացնելը, Բալայանը նշեց, որ սա քննարկման նյութ է.«Ամեն բան հնարավոր է»:
Նրա խոսքով՝ պետք է քննարկվեն քայլերը, թե ինչպես պետք է կարողանանք նորմալ ընտրություններ կազմակերպել:
Բալայանին հիշեցրինք, որ պատերազմից հետո իշխանության հետ քաղաքական ուժերի քննարկումները արդյունք չեն տվել.«Այո՜, եթե դա անկեղծ և ազնիվ է, ողջունելի է, բայց եթե հենց այնպես խոսքեր պետք է լինեն, իհարկե, անընդունելի են, պարզապես չգիտեմ՝ այս ամենը աշնանային դեպքերի շարունակությունն է, թե իսկապես նման հարցերի շուրջ քննարկումներ է անելու: Խնդիրը նրանում է, որ տարբեր հարցերի շուրջ պետք է նստել, քննարկել: Վերջիվերջո պետք է հաշվի առնենք, որ թվաքանակով փոքր ժողովուրդ ենք, ինչպես նաև տարածքով, և ցանկալի է բոլոր հարցերը փորձել քննարկել և եզրեր գտնել: Ես միշտ մեր տղաներին ասում եմ, որ ցանկալի է մեր բոլորը հարցերը նստել քննարկել, որովհետև մթնոլորտը, որը ստեղծվել է ՀՀ-ում վերջին ամիսների ընթացքում, սևերի և սպիտակների միջև բաժանումը, նման բաները միշտ էլ վտանգավոր են երկրի համար: Եվ խոհեմ են այն ղեկավարները, որոնք զգում են, որ սպառված են և կա անհրաժեշտություն փոփոխությունների կարիք, մի կողմ են քաշվում»,-ասաց Բալայանը:
Նա նշեց, որ հանրության մոտ զայրույթ է առաջացրել այն, որ Արայիկ Հարությունյանը ՔՊ գրասենյակ է շտապել շնորհավորելու Փաշինյանին.«Այն ամենը, ինչ կատարվեց 44-օրյա պատերազմի արդյունքում, նկատի ունեմ խայտառակ համաձայնագրի ստորագրումը, որով մեր պետականությունը հարվածի տակ դրվեց, նման պարագայում հասկանալի է, որ ժողովուրդն նման վրդովմունքով պետք է արձագանքեր այդ շնորհավորական ուղերձին և նրա ներակայությանը ՔՊ շտաբում»:









































