Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր համակիրների հետ հանդիպմանը հայտարարել է, թե կա Հայաստանը մեծ շինհրապարակի վերածելու հնարավորություն, ստեղծելով շատ աշխատատեղեր, իսկ ովքեր չեն ուզում աշխատել, թող չընտրեն իրեն: Տնտեսական զարգացման խնդիրները Հայաստանի համար ունեն հույժ կարևոր նշանակություն: Ի վերջո, երբ մենք խոսում ենք բանակի արդիականացումից, պետության վերականգնումից, Արցախի հարցում հայկական օրակարգի միջազգային ասպարեզում առաջմղումից, այդ ամենի հիմքում կարող է լինել միմիայն ուժեղ և դիվերսիֆիկացված տնտեսությունը: Ռոբերտ Քոչարյանը երկար ժամանակ, գործնականում իր նախագահության ավարտից հետո փորձել է իր քաղաքական գլխավոր խաղաքարտ դիտարկել տնտեսությունը, անընդհատ հիշատակելով իր նախագահության շրջանի երկնիշ աճը: Զուտ վիճակագրական իմաստով նա իհարկե իրավացի է, սակայն ընդամենը մեկ տարի պահանջվեց, որպեսզի այդ աճը փլվի «խաղաքարտե տնակի» պես, երբ եղավ համաշխարհային տնտեսական ճգնաժամ, երբ խնդիրների առաջ կանգնեց հատկապես ռուսական կապիտալը՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանի տնտեսական առանցք կապիտալ շինարարության «գծով» առանցքային գործընկերը:
Պարզվեց, որ տարիներ շարունակ Հայաստանում երկնիշ աճ արձանագրած տնտեսությունը առաջին իսկ քամուց կարող է արձանագրել երկնիշ անկում: 2008 թվականի տնտեսական համաշխարհային ճգնաժամի հետևանքով Հայաստանն ունեցավ մոտ 15 տոկոս անկում: Փոխարենը, Հայաստանում համաշխարհային բարենպաստ կոնյուկտուրայի, նավթի գերբարձր գների պայմաններում, Ռուսաստանում փողի առատության պայմաններում Հայաստանում որոշ մարդիկ և խմբեր կապիտալ շինարարության շնորհիվ ստացան շոշափելի գերշահույթներ ոչ միայն բուն շինարարության ու վաճառքի, այլ թերևս նաև կոռուպցիոն ռիսկերի տիրույթում: Նրանց համար գործնականում հոգ չէր, որ տնտեսությունը գործում է «մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով: Հատկապես երբ ժամանակի ընթացքում ակնառու էր դառնում, որ հետո չի պահպանվելու իշխանական ստատուս-քվոն և նախագահի պաշտոնը անցնելու է Սերժ Սարգսյանին, այլ կերպ ասած առանձին թիմի:
Այժմ Ռոբերտ Քոչարյանը փաստորեն առաջարկում է տնտեսության կառուցման նույն սկզբունքը՝ Հայաստանը վերածել կապիտալ շինարարության շինհրապարակի, տնտեսության ավելի արդիական ու համաշխարհային անկանխատեսելիության պայմաններում ավելի դիմադրունակ ու ճկուն կառուցվածքի մասին խորհելու փոխարեն: Եվ դա այն պարագայում երբ համաշխարհային տնտեսա-քաղաքական միջավայրը գտնվում է թերևս ամենաանկանխատեսելի փուլում և պարզ չէ, թե որտեղից և ինչպես կարող է փչել քամին ու փլել «խաղաքարտե տնակը» հերթական անգամ: Միևնույն է, դրա «փլատակների» ներքո դարձյալ մնալու են շարքային հայաստանցիները:







































