Շատ հայտնի հայեր և այլ ազգերի ներկայացուցիչներ արձագանքել են ԱՄՆ նախագահի ելույթին, որը Հայոց ցեղասպանության 106–րդ տարելիցի օրը Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածներն անվանել է «ցեղասպանություն»։
Թուրքական ծագումով ամերիկացի բասկետբոլիստ, «Բոստոն Սելտիքս» բասկետբոլային ակումբի խաղացող Էնես Կանտերը, որը հայտնի է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմի նկատմամբ իր սուր քննադատությամբ, առաջիններից է արձագանքել ԱՄՆ 46–րդ նախագահ Ջո Բայդենի ելույթին։
Ապրիլի 24–ին Բայդենը Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածներն անվանել է «ցեղասպանություն»։
Կանտերը Twitter–ի իր միկրոբլոգում հրապարակել է Էրդողանի լուսանկարը, որում նա անձեռոցիկով սրբում է մի աչքը։ Բասկետբոլիստը լուսանկարի տակ գրել է. «Է՜յ, Էրդողան»։
Ամերիկացի բասկետբոլիստի հետևորդները բուռն են արձագանքել նրա թվիթին.
«Շատ ուրախ եմ, որ վերջապես եկավ այն օրը, երբ իմ երկիրը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Շնորհակալություն Էրդողանին քննադատելու համար», «Սա մեծ օր է քաղաքակիրթ հասարակության համար», «Աշխարհի համար եկավ մի պահ, երբ պետք է նայել պատմության աչքերին»,- գրել են նրանք։
Շատերը նշել են, որ թեև ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելը կարևոր քայլ է, ընդհանուր առմամբ դեռ շատ աշխատանք կա անելու։







































