«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

– Պարոն Ղևոնդյան, համացանցում ակտիվորեն քննարկվում է վարչապետ Փաշինյանի 2018 թվականի հայտարարությունն առ այն, որ Ռուսաստանը, որպես գերտերություն, ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսում մեր տարածաշրջանում: «Ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր և բարեկամ Ռուսաստանն իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու համար»,- հայտարարել էր Փաշինյանը։ Սխալ չէի՞ն, Ձեր կարծիքով, պաշտոնական Երևանի հաշվարկները։
– Ես համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի հայտարարության հետ։ Ռուսաստանն ուներ բոլոր լծակները եթե ոչ՝ թույլ չտալու, ապա գոնե շատ շուտ կանգնեցնելու պատերազմը։ Այստեղ հարցն այն է, որ Հայաստանը պետք է այնպիսի արտաքին քաղաքականություն վարի, որ իր բոլոր դաշնակիցների շահերը չհակասեն Հայաստանի շահերին, որպեսզի նմանատիպ իրավիճակներում մեր դաշնակիցները հակահայկական որոշումներ չընդունեն, ինչպես որ եղավ 2020 թվականին, երբ Հայաստանը ստիպված եղավ ստորագրել այդ խայտառակ համաձայնագիրը։ Ուստի հայտարարությունը ճիշտ էր, բայց հայտարարությանը հաջորդած աշխատանքը չբերեց այնպիսի արդյունքի, որպեսզի հայտարարության մեջ նշված երկիրն իր հնարավորություններն օգտագործեր ու կանխեր պատերազմը։
– Ձեր դիտարկմամբ՝ ճի՞շտ է առհասարակ որևէ այլ պետության վրա հույս դնելը, թե՞ պետք է սեփական քաղաքականությունն ու անվտանգության միջոցներն ունենալ։
– Անվտանգության համակարգն ընդհանուր առմամբ համալիր հասկացություն է։ Հնարավոր չէ միայն մի բաղադրիչի միջոցով այն ապահովել։ Նույնիսկ համաշխարհային գերտերությունները միայն մեկ բաղադրիչով չեն ապահովում անվտանգությունը, բազմակողմանի աշխատանք է պետք։ Այդ բազմակողմանի աշխատանքներից մեկն էլ արտաքին հարաբերություններում գործընկերների հետ այնպիսի իրավիճակի ձևավորումն է, որը կամրապնդի քո անվտանգությունը։ Երբ ասում ենք՝ Հայաստանը լավ չի աշխատել, նշանակում է, որ արտաքին քաղաքականության անվտանգային բաղադրիչը փաստորեն չի ապահովվել, և դա բերել է այն իրավիճակին, որն ունեցանք պատերազմի ընթացքում։ Այսինքն՝ բացի հայտարարություններից, որևէ ռեալ աջակցություն որևէ երկրից, այդ թվում՝ նաև Ռուսաստանից, չունեցանք։ Իհարկե, սխալ է երկրի անվտանգությունը կապել միայն մեկ քաղաքական կենտրոնի հետ, քանի որ անվտանգության համակարգն ինչքան ավելի դիվերսիֆիկացված է, այնքան ավելի ամուր է։ Հայաստանն այդ առումով մեծ սխալներ է գործել ոչ միայն վերջին 2.5 տարիների ընթացքում, այլև սկսած 1995 թվականից, առաջին պատերազմից հետո. չի դիվերսիֆիկացրել արտաքին քաղաքականությունը և, ամենակարևորը, անվտանգային համակարգը։ Մենք արդյունքում ունեցանք այն իրավիճակը, որն ունենք։ Պատճառներից մեկն էլ այն էր, որ արտաքին քաղաքականության անվտանգային բաղադրիչը հիմնականում շատ մեծ մասով կախված էր մեկ կենտրոնից։ Եվ շատ նորմալ է, որ հարաբերությունների ինչ-որ փուլում կարող է այդ կենտրոնի հետ շահերը չհամընկնել։ Իհարկե, այս իրավիճակի համար կան նաև օբյեկտիվ պատճառներ, օրինակ՝ Թրամփի ԱՄՆ նախագահ լինելը, բայց կային նաև սուբյեկտիվ պատճառներ, որոնք Հայաստանի անբավարար աշխատանքի հետևանքն էին։
– Պատերազմից հետո մենք վերանայումներ անո՞ւմ ենք։
– Անկեղծ ասած, ես Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ չեմ նկատում կտրուկ փոփոխություններ կամ նշաններ։ Բայց ես կարծում եմ, որ առաջին հերթին անհրաժեշտ է ֆիզիկական առումով ՀՀ բանակը ավելի ամուր դարձնել։ Դա ենթադրում է՝ գտնել ու ներմուծել լավագույն ռազմական տեխնիկա, որը հնարավոր է տարբեր երկրներից։ Այսինքն՝ ոչ միայն Ռուսաստանից, ինչը արվել է մինչ այժմ։ Բանակն անհրաժեշտ է ամրացնել ոչ միայն ֆիզիկական ու նյութատեխնիկական առումով, այլ նաև անհրաժեշտ է Հայաստանը դիտարկել որպես տարբեր անվտանգային համակարգերի հետ համագործակցող պետություն։ Եթե մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, չպետք է հրաժարվենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունից։ Պետք է փորձենք հարաբերությունները զարգացնել նաև այլ ուժային կենտրոնների հետ՝ այնպիսի պետությունների, ինչպիսիք են, օրինակ, Չինաստանը, Սաուդյան Արաբիան։ Չպետք է պարզապես Հայաստանի արտաքին քաղաքականությունը փոխկապակցենք արտաքին խաղացողների՝ միմյանց միջև հակասությունների հետ։ Այս մասին ՀՀ վարչապետը հայտարարել է 2018 թվականին, սակայն ռեալ քայլեր չեն եղել։ Պատասխանելով հարցին՝ ասեմ, որ ես չեմ տեսել Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման ռեալ քայլեր։
– Ստացվում է՝ ով էլ լինի ՀՀ իշխանություն, այս իրողությունները չեն փոխվի։
– Մենք չենք կարող նման պնդում անել։ Մենք մինչ այժմ տեսել ենք հանցագործ կլան, որը մինչև 2018 թվականը իշխում էր, և այն իշխանությունը, որը ժողովրդավարական ճանապարհով էր ընտրված։ Այսինքն՝ մենք ունեցել ենք երկու տեսակի իշխանություն, որոնցից մեկն ընդհանրապես չէր կարող որևէ քայլ անել, որովհետև արտաքին լեգիտիմությունը կախված էր Ռուսաստանից, և մի իշխանություն, որը կարող էր և չարեց։ Բայց կարող են գալ իշխանություններ, որոնք կանեն այդ գործողությունները: Այսինքն՝ պետք չէ այդպես կտրուկ դնել հարցը, որ ով գալիս է իշխանության, չի անում։ Գուցե հաջորդ իշխանությունն անի, գուցե այս իշխանությունը իր պաշտոնավարման հաջորդ տարիներին դա իրականացնի։ Մենք դա դեռ չգիտենք։ Այստեղ կարևոր հարցն այն է, որ մարդիկ, որոնք գնում են ընտրության ու ձևավորում են իշխանություն, լավ կլինի, որ կարդան, թե ինչպիսի ծրագրով է տվյալ ուժը հավակնում իշխանության: Ցավոք սրտի, Հայաստանում իշխանությունը հիմնականում ձևավորվում է անհատների շուրջ։







































