ԵԱՏՀ Տնտեսության և ֆինանսական քաղաքականության կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովը ակնկալում է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսությունները 2021-ին դինամիկ կերպով կվերականգնվեն:
Ժակսիլիկովը իր տեսակետը հայտնել է Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամրջի ընթացքում:
«Մենք տեսնում ենք, որ ՀՆԱ-ն, տնտեսական ակտիվությունը անկում են ապրել միության անդամ բոլոր երկրներում, ինչպես ամբողջ աշխարհում: Միայն Չինաստանն է կարողացել որոշակի աճ արձանագրել»,- ասաց նախարարը:
Ըստ Ժակսիլիկովի՝ կորոնավիրուսի ճգնաժամը հատկապես հարվածել է փոքր ու միջին բիզնեսին, ծառայությունների ոլորտին, զբոսաշրջությանը:
«Ինչ վերաբերվում է այս տարվան, ապա վերականգնման դինամիկ աճ ենք ակնկալում, որը տեղի կունենա ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ: Լավն այն է, որ մեզ մոտ ՀՆԱ-ի ծավալի անկումը ավելի արտահայտված չի եղել, քան զարգացած շատ տնտեսություններում: Ընդհանուր առմամբ, բոլոր անդամ երկրների տնտեսությունները այս դժվար շրջանին դիմակայել են մինիմալ կորուստներով, և հույս ունենք, որ վերականգնողական աճն ավելի բուռն կլինի այս տարի»,- ասաց նա:
Ժակսիլիկովը վստահեցրեց, որ հանձնաժողովը դեռ համավարակի սկզբում օպերատիվ կերպով մի շարք միջոցառումներ է ձեռնարկել: Դեռ մարտ-ապրիլին հանձնաժողովը շատ ակտիվ աշխատել է այդ ուղղությամբ: Նա նշեց, որ հանձնաժողովը վերազգային մարմին է, որն իր իրավասությունների շրջանակում միջոցառումներ է իրականացրել ներքին շուկաները խիստ անհրաժեշտ ապրանքներով ապահովելու համար:










































