«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը։
– Պարոն Մալխասյան, 17 ուժերի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ եթե սահմանադրական ճանապարհով հնարավոր չլինի Նիկոլ Փաշինյանին հեռացնել, ապա դա կանեն ապստամբության միջոցով։ Ձեր կարծիքով՝ այս փուլում նման հայտարարությունն ի՞նչ վտանգներ է պարունակում։
– Մեր երկիրը փոքր երկիր է։ Եթե այստեղ ապստամբություն լինի, ազգը կբաժանվի երկու մասի, ներսում կսկսվեն քաղաքացիական կռիվներ։ Դրա արդյունքում մենք կկորցնենք ամեն ինչ, այդ թվում՝ մեր պետականությունը։ Ուստի այդ միտքը շատ վտանգավոր է, հակապետական ու հակազգային գաղափար է։ Մենք բազմիցս նշել ենք, որ իշխանությունը փոխելու միայն մի տարբերակ կա՝ սահմանադրական ճանապարհը։ Ապստամբություն անելու համար նա պետք է իր թիկունքում հարյուր հազարավոր մարդիկ ունենա։ Բայց արդյոք նա ունի՞ այդքան աջակցություն, ըստ իս՝ չունի։ Այդ գաղափարը շատ վտանգավոր է, մենք այն համարում ենք հակահայկական։
– Կարծում եք՝ այն ժողովրդի կողմից աջակցություն չի՞ գտնի։
– Երբեք։ Մեր երկրում այսօր կուտակված են բազմաթիվ ու բազմաշերտ խնդիրներ։ Դրանք լուծելու համար մեր երկիրն այսօր նոր որակի պետություն դառնալու խնդիր ունի։ Մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ դեմոկրատ երկիր ենք։ Այդ խնդիրների լուծումը պահանջում է ոչ թե ապստամբություն, այլ նոր գաղափարներ, նոր մոտեցումներ, կադրային փոփոխություններ։ Իրենք օգտվում են իշխանությունների բացթողումներից, իսկ իշխանությունների ամենամեծ բացթողումը իր սխալները չզգալն է։ Մարդը սխալական է, իսկ Աստված՝ կատարյալ։ Բայց սրանք չեն ուզում իրենց սխալները տեսնել։ Հակառակորդ ճամբարն էլ օգտվում է նրանց բացթողումներից։ Նրանք, ովքեր գիտակցում են իրենց սխալները, դեռ կորած չեն։ Բայց եթե ներկա իշխանությունները իրենց սխալները չեն ուզում ուղղել, դատապարտված են, պառակտումն էլ անխուսափելի կդառնա։
Մենք ասում ենք՝ Հայաստանը պետք է նոր որակի պետություն դառնա։ Իսկ սրան զուգահեռ մենք տեսնում ենք, որ նոր կուսակցություններ են բացվում։ Շուտով այդ կուսակցությունների թիվը Հայաստանում հարյուրից կանցնի, էլ չեմ ասում, որ շուրջ 250 աղանդավորական կազմակերպություն կա։ Նրանցից շուրջ 50-ը պաշտոնապես գրանցված են։ Շատ մարդիկ, այսօր տեսնելով եկեղեցապետերի ցոփուշվայտ կյանքը, նրանց չեն հավատում, գնում են աղանդների հետևից ու պառակտում մեր հոգևոր աշխարհը։ Նույնը քաղաքական դաշտում է։ Որոշ կենտրոններ ու քրեաօլիգարխիան խառնում են դաշտը։ Նրանք ձգտում են, որ հասարակությունը թշվառության ու աղքատության մեջ ապրի, քանի որ աղքատ հասարակությունները չունեն արժեհամակարգ։ Նրանք լյումպենացվում են, ինչն էլ հեշտացնում է նրանց կառավարելը։ Դրանից էլ օգտվում են այդ 17 կուսակցությունները։
– Բայց նրանք ևս պառակտվում են։ Նկատելի է, որ նույնիսկ Վազգեն Մանուկյանին չկա լիակատար աջակցություն։
– Այո՛, բայց պառակտվում են նաև իշխանությունները։ Այդ կենտրոնները հենց դրա վրա են աշխատում՝ բաժանիր, որ տիրես։ Ուզում են երկիրը քաոսի վերածել։ Մենք պետք է զգաստանանք, դասեր քաղենք մեր սխալներից։ Պետք է ամուր կառչենք մեր բանակից։ Հունվարի 28-ը բանակի օրն է։ Մենք ծանր հարված ենք կրել, բայց ծնկի չենք եկել։ Եթե մեր վերքերը չբուժենք, բանակը չվերակառուցենք, դատապարտված ենք կործանման։ Նժդեհն ասում էր՝ սեփական ուժերով ինքնապաշտպանվելու անընդունակ ժողովուրդները դատապարտված են մահվան։ Եթե մենք հույս դնենք, որ ռուսն ու ամերիկացին մեզ կփրկեն՝ կկործանվենք։ Վերջին պատերազմը ցույց տվեց, որ ոչ ոք մեզ չի օգնի։ Մենք չունենք նաև դիվանագիտություն։ Հատկապես շատ եմ գնահատում Արման Բաբաջանյանի մոտեցումները մեր արտաքին գերատեսչության հետ կապված։ Այդ գերատեսչությունը գոյություն չունի, ու դրա վրա անիմաստ գումարներ են ծախսվում։ Եթե այդ գերատեսչությունը գոյություն ունենար, պատերազմի օրերին գոնե հարևան Վրաստանը ճանապարհ չէր փակի։ Դեսպանները բացարձակ ոչինչ չեն անում։ Եկեք հաշվենք, թե մեր հարկատուների հաշվին այդ կառույցներին ինչքան գումար է հատկացվում, իսկ արդյունքը զրոյական է։ Մենք պետություն կառուցելու խնդիր ունենք։
– Կարծում եք՝ այն պայմաններում, երբ մեկը խոսում է ապստամբության մասին, մյուսն էլ ամեն գնով իշխանություն պահելու մասին է մտածում՝ հնարավո՞ր է պետություն կառուցել։
– Չի կարող։ Այդ 17-ն էլ արդեն դատապարտված են։ Պետք է ընտրություն լինի։ Ժողովուրդն էլ իմաստուն է դարձել։ Այլևս բախտախնդիր մարդկանց ձայն չի տա։ Ժողովուրդը հավաքական իմաստով իմաստուն է։ Ամենակարևորը՝ ես ցանկանում եմ, որ մեր ժողովուրդը չհուսահատվի։ Դժվարությունը չէ, որ մեզ կարող է մեր նպատակից հետ պահել, այլ հուսահատվելը։ Երկար, երբեմն դժվարանցանելի ճանապարհում չվհատվողն է հաղթում։ Պետք է առաջ գնանք ավելի վճռական, խելացի քայլերով, որ երկիրն այս քաոսից դուրս բերենք։








































