Գերմանիան դեկտեմբերի 16-ից ամենախիստ լոկդաունը կսահմանի երկրի ողջ պատմության ընթացքում, կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրությունը չափազանց լուրջ է: Այդ մասին հեռուստաուղերձում հայտարարել է նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:
«Թանկագին քաղաքացիներ, մենք բոլորս հետագա առաջխաղացման հույս ունեինք: Բայց վիրուսն առաջվա պես մեզ պահում է հսկողության ներքո: Ուստի, դեկտեմբերի 16-ից սկսած, մեր հասարակական եւ մասնավոր կյանքն ավելի խիստ կսահմանափակվի, քան երբևիցե Գերմանիայի Դաշնային Հանրապետության ողջ պատմության ընթացքում: Իրադրությունն ահավոր է: Հազարավոր մահեր շաբաթվա ընթացքում և ինֆեկցիա, որն սպառնում է դուրս գալ հսկողությունից. մենք չենք կարող խուսափել արմատական միջոցներից»,- հայտարարել է պետության ղեկավարը: Շտայնմայերի խոսքով՝ Սուրբ Ծնունդի և նոր 2021 թվականի տոնակատարությունը կանցկացվի այլ ձևով, քան հույս ունեին իշխանությունները, հաջորդ շաբաթները «բազմաթիվ մարդկանց համար ծանր ժամանակներ կդառնան»: Սահմանափակումներն «սպառնում են տնտեսական կյանքին», սակայն «հիմնական նպատակը պետք է դառնա այն, որպեսզի որքան կարելի Է ավելի արագ նվազեցվի վարակվածների քանակությունը, իսկ այնուհետեւ այն պահվի ցածր մակարդակի վրա»,- ընդգծել է նախագահը:
«Այժմ մենք մտել ենք վիրուսի դեմ պայքարի վճռական փուլ: Մեր բժշկական գիտելիքները և բուժման տարբերակներն այժմ ավելի ընդարձակ են, քանի մի քանի ամիս առաջ: Եվ առկա է վստահության համար ևս մեկ պատճառ. առաջին պատվաստանյութերը Գերմանիայում հավանություն կստանան դեկտեմբերին, պատվաստման հարյուրավոր կենտրոններ են ստեղծվել կամ ստեղծվում, իսկ պատվաստումը կսկսվի անմիջապես Ամանորից հետո»,-ասել է նախագահը: Ավելի վաղ ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը և դաշնային երկրամասերի ղեկավարները երկրում համազգային լոկդաունի սահմանումը համաձայնեցրել են դեկտեմբերի 16-ից մինչեւ հունվարի 10-ը: Դեկտեմբերի 16-ից Գերմանիայում կփակվի ամեն ինչ, բացի մթերային խանութներից, դեղատներից և օպտիկաներից: Արգելված է հրատեխնիկայի վաճառքը, քաղաքացիներին հորդորում են տոներին հրաժարվել հրավառություններից: Արգելված է փողոցում ալկոհոլի վաճառքը: Երկրամասերն իրավունք ունեն խստացնելու այդ միջոցները հիվանության սրընթաց աճի դեպքում: Հանդիպումները թույլատրված են հինգ մարդուց ոչ ավելի խմբերով:







































